FIP.am-ն ամփոփում է 2018 թվականը․ Որո՞նք էին ամենահետաքրքիր բացահայտումները

FIP.am-ն ամփոփում է 2018 թվականը․ Որո՞նք էին ամենահետաքրքիր բացահայտումները
FIP.am-ն ամփոփում է 2018 թվականը․ Որո՞նք էին ամենահետաքրքիր բացահայտումները
Հեղինակ MediaLab

Ավարտին է մոտենում 2018 թվականը։ Տարի, որը թերևս ամենաբեկումնայիններից էր նորանկախ Հայաստանի պատմության համար։ Քաղաքական առումով աննախադեպ ակտիվ 2018 թվականի ողջ ընթացքում «Փաստերի ստուգման հարթակն» աշխատեց մեծ եռանդով՝ առավել բաց և վստահելի մեդիադաշտ ունենալու նպատակով։

Ստորև ներկայացնում ենք անցնող տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքի ամենահետաքրքիր հատվածները։

 

Նոր բացահայտումներ ՀՀ նոր նախագահի մասին

Անցնող տարում Հայաստանն ունեցավ նոր նախագահ, որը, սակայն, ըստ նոր Սահմանադրության, օժտված է շատ սահմանափակ լիազորություններով։ Արմեն Սարգսյանի մասին հայտնի դարձավ, որ նա եղել է երկքաղաքացի ու միաժամանակ ունեցել է և՛ Հայաստանի, և՛ Միացյալ Թագավորության անձնագրեր։ Վերջինիս խոսքով, սակայն, ինքը հրաժարվել էր բրիտանական քաղաքացիությունից դեռ 2011 թվականին, իսկ Սահմանադրության պահանջով ՀՀ նախագահ կարող էր դառնալ առնվազն վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։

Մենք բացահայտեցինք նաև, որ Արմեն Սարգսյանը խոշոր բիզնեսմեն է և հանդիսանում է Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար, որի գործունեության ոլորտները շատ տարբեր են։ 25 ընկերություն ներառող այս խումբը գործունեություն է ծավալում հեռուստակոմունիկացիոն, տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի, անշարժ գույքի, գյուղատնտեսական և էներգետիկայի ոլորտներում։ Գործունեության աշխարհագրությունը ևս լայն է՝ Ռուսաստան, Ուկրաինա, Չեխիա, Լեհաստան, Մոնղոլիա և Չինաստան։ ՀՀ գործող նախագահը մի շարք բիզնեսներ ունի նաև Ղազախստանում, Թուրքմենստանում և Մեծ Բրիտանիայում։

Կոռուպցիոն բացահայտումներ

Անցնող տարում կատարվեցին մի շարք խոշոր կոռուպցիոն բացահայտումներ, որոնցից մի մասով քրեական գործեր հարուցվեցին և անգամ խոշոր գումարներ վերադարձվեցին պետական բյուջե։ Նման բացահայտումներից է, օրինակ, Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել «սև ցուցակում» գտնվող ընկերությունը։ Պայմանագրի ընդհանուր արժեքն էր 103 մլն դրամ։ Մեկ այլ ընկերություն, որը հաղթել էր քաղաքապետարանի 107 մլն դրամ արժեքով մրցույթը, ունեցել էր ընդամենը 3 գրանցված աշխատող։

Պարզվեց նաև, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից 2016 թվականին հայտարարած պետական ավտոպարկի օպտիմալացումը բազմաթիվ խնդիրներ ուներ։ Այն ժամանակ, մասնավորապես, օտարվել էր մոտ 2000 ավտոմեքենա, որոնց մեջ հիմնականում 1970-80-ական թվականների արտադրության չշահագործվող մեքենաներ էին և մի շարք նոր ավտոմեքենաներ, որոնք օտարվել էին աբսուրդային ցածր գներով։

Բացահայտվեց նաև Վլադիմիր Գասպարյանին առնչվող մի մեծ կոռուպցիոն շինարարական սխեմա, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Բացի սա, FIP.am-ը հետաքննություն ներկայացրեց Երևանի կենտրոնում գործող ՀԱՊԿ և ԵԱՏՄ ակադեմիայի վերաբերյալ։ Պարզվեց, որ ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանի իշխանություններից մի ամբողջ շենք են նվեր ստացել՝ այնտեղ հատուկ նշանակության ռազմական և տնտեսագիտական ակադեմիա կառուցելու համար։ Շենքը, սակայն, չծառայեց իր նպատակին և դարձավ ՕԵԿ նախկին պատգամավորների աշխատավայր։

Անցնող 2018-ում մենք գրեցինք նաև մի շարք չիրականացած ծրագրերի մասին, որոնք կարող էին տնտեսական դրական դինամիկա հաղորդել երկրին։ Դրանցից էր, օրինակ, Զվարթնոց-Երևան երկաթգծի կառուցման ծրագիրը։ 7,8 կմ երկարություն ունեցող երկաթգիծը պետք է հնարավորություն տար ուղևորափոխադրման և բեռնափոխադրման առավել մեծ ծավալներ ստանալ։

Բնապահպանական հարցեր

«Փաստերի ստուգման հարթակի» թիմն անցնող տարում բարձրաձայնեց նաև Լոռվա մարզում տեղի ունեցող բնապահպանական աղետի մասին։ Անօդաչու թռչող սարքի օգնությամբ հանրությանը ներկայացվեցին ուշագրավ կադրեր, թե ինչպես են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող վնասված պոչամբարից թունավոր նյութերը լցվում Դեբետ գետը։

Նկարահանվեց «Գոյություն չունեցող վերամշակման գործարան» ֆիլմը, որում ներկայացված է Երևանում գործող Նուբարաշենի աղբանոցի հարևանությամբ ապրող քաղաքացիների կյանքը, բողոքը և պահանջները, ինչպես նաև պատկան մարմինների, բնապահպանների և փորձագետների կարծիքը խնդրի վերաբերյալ։

Ռուսական պրոպագանդա

Հեղափոխության օրերին ռուսական մամուլը ակտիվորեն լուսաբանում էր Երևանի կենտրոնում զարգացող իրադարձությունները, սակայն ներկայացնում էր դրանք բոլորովին այլ լույսի ներքո՝ մանիպուլացնելով փաստերը։ Կրեմլյան քարոզչամեքենան բռնության դեպքեր էր հորինում և պնդում, որ Հայաստանում տեղի է ունենում «բռնի, գունավոր հեղափոխություն»։ Թեմային առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Ռուսաստանի պետական մարմինների հետ սերտ կապեր ունեցող մի շարք հասարակական գործիչներ ապատեղեկատվություն տարածեցին, թե իբր Եվրամիությունը ստիպում է Հայաստանին փակել սեփական ատոմակայանը, ինչը տարածվեց նաև ռուսական մի շարք լրատվամիջոցներում։

Ռուսական դաշնային հեռուստաընկերությունով անցնող տարում ներկայացվեցին «գերհզոր, նորագույն» հրթիռներ։ Նոր զինատեսակներն անիմացիոն տեսանյութի միջոցով ներկայացրեց անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հոլովակում հրթիռները խոցում էին ԱՄՆ Ֆլորիդա նահանգը, սակայն հետագայում պարզվեց, որ ցուցադրված անիմացիոն կադրերը կրկնում են 11 տարի առաջ ռուսական պետական Առաջին ալիքի եթերում ցուցադրված անիմացիան։

Մեդիա և սոցիալական մեդիա

Վերջին ամիսներին՝ առավելապես հետհեղափոխական ժամանակներում, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում գրանցվեց կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի մեծ աճ, ինչն իր հետ տարածվող ապատեղեկատվության մի մեծ նոր ալիք բերեց։

«Փաստերի ստուգման հարթակը» մի քանի աղմկահարույց հրապարակումներ կատարեց, որոնցով բացահայտեց, որ մի շարք հանրային գործիչներ, ինչպես նաև կուսակցություններ, ֆեյքեր և նույնիսկ ֆեյքերի բանակներ են օգտագործում սոցիալական ցանցում։

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի քույրը՝ Դիանա Թումանյանը, օրինակ, Ֆեյսբուքում քարոզչություն է իրականացնում ֆեյքի միջոցով, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ մեդիաարշավ էին սկսել Միքայել Մինասյանի հետ կապվող ավելի քան 300 ֆեյք։ Հատկանշական է, որ նախարարի դեմ արշավը սկսվել էր այն բանից հետո, երբ նա աշխատանքից ազատել էր Մինասյանի հորը՝ Արա Մինասյանին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իր հերթին, Երևանի ավագանու ընտրությունների և խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում քարոզչություն և հակաքարոզչություն իրականացնելու համար օգտագործել էր թվով 390 ֆեյք, որի մասին մեր հրապարակումը լույս սփռեց ֆեյքեր պահելու և դրանցով համակարգված աշխատանքներ տանելու երևույթի վրա ընդհանրապես։

Սա բնավ ամենը չէ, ինչի մասին մենք գրել ենք 2018 թվականի ընթացքում։ «Փաստերի ստուգման հարթակը» մշտապես հետևում է մեդիադաշտին և լրահոսին ու շարունակելու է իր առաքելությունը նաև եկող՝ 2019 թվականի ընթացքում:

www.Fip.am