Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի լուսանկարը թյուրքական աշխարհի քարտեզով, որում ընդգրկված է ՌԴ-ի տարածքի զգալի մասը.Factor

Կրեմլում ափսոսում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզի վրա, չկա կարմիր աստղ, որը ցույց է տալիս, որ դրա կենտրոնը գտնվում է Ռուսաստանում՝ Ալթայում։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Մեր թուրք գործընկերները թյուրքական միասնության գաղափար են կերտում, դա նորմալ է։ Միակ բանը, որ կարող եմ ափսոսալ, որ քարտեզի վրա, այնուամենայնիվ, թյուրքական աշխարհի կենտրոնում չկա մեծ կարմիր աստղ։

Այն Թուրքիայում չէ, այն Ռուսաստանի Դաշնության տարածքում է՝ Ալթայում, յուրաքանչյուր թյուրքի համար սրբազան այն վայրում, որտեղից էլ նրանք գալիս են ծագումով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ դա ասում է որպես թուրքագետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քարտեզը նվիրել է ազգային շարժման ղեկավար Դևլեթ Բահչելին։

«Թյուրքական աշխարհի» մեջ, ըստ քաղաքական գործչի, մտնում են Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի որոշ տարածքներ: