2008-ի 15-օրյա հացադուլի հետևանքները մինչև հիմա հաղթահարում եմ. Օսիպյանի կյանքի ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել. Սուրենյանց

Արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակի շուրջ մտահոգությունները շարունակում են աճել։ Թեև արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրա վիճակը կայուն է, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Օսիպյանը խիստ հյուծված է և զգալի քաշի կորուստ ունի։

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որն իր քաղաքական գործունեության ընթացքում մի քանի անգամ հացադուլի է դիմել՝ որպես բողոքի ծայրահեղ միջոց, զգուշացնում է, որ 23-րդ օրը հացադուլի համար արդեն կրիտիկական շեմ է։ Սուրենյանցի ամենաերկար հացադուլը 2008 թվականին էր․ նախագահի ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումների շրջանում նա 53 օր անցկացրել էր կալանքի տակ և ազատ արձակվել 15-օրյա հացադուլից հետո։

«Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել  Սուրեն Սուրենյանցին

– Պարո՛ն Սուրենյանց, արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի վիճակը, արդարադատության նախարարի պնդմամբ, կայուն է, նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը սակայն երեկ «Ազատությանն» ասել էր, որ Օսիպյանը «շատ հյուծված վիճակում է, քաշի զգալի կորուստ ունի»: Նախկինում դուք ևս բազմաթիվ անգամներ հացադուլի եք դիմել, կխնդրեմ նախ ասեք՝ ի՞նչ հետևանք է առաջացնում հացադուլն օրգանիզմի համար, ու ընդհանուր առմամբ ի՞նչ գնահատական կտաք Արթուր Օսիպյանի հետ կատարվողին:

– 23 օրն արդեն կրիտիկական կետ է, ես, իհարկե, չգիտեմ նրա ֆիզիկական տվյալները, բայց վստահաբար կարող եմ ասել, որ 23-րդ օրը կրիտիկական կետ է, որից հետո ցանկացած պահի կարող է նրա կյանքին լուրջ վտանգ սպառնալ: Ամեն ժամը կարող է ճակատագրական լինել: Կարող է ջրազրկման խնդիր առաջանալ, աղիքային բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ: Բժիշկ չեմ, որ առավել մանրամասնությամբ ասեմ ամեն բան, բայց վստահեցնում եմ, որ 23 օրը կրիտիկական կետ է, ես 15 օր եմ առավելագույնը հացադուլի մեջ եղել:

– Ի՞նչ հետևանքներ են առաջ եկել 15-օրյա հացադուլից հետո ձեզ մոտ:

– Շատ ծանր առողջական հետևանքներ, տասնյակ տարիներ անց,  մինչև հիմա հետևանքների հաղթահարման փուլում եմ: Դեմքիս վրա կան նշաններ, որոնք դրա հետևանքն են: Դա մեկ հետևանք չէ, հետևանքների փունջ է, կրկնում եմ՝ մարդու համար կարող է անդառնալի հետևանք ունենալ այդքան երկար հացադուլը: 23 օրը սովամահության գծի մոտ է, 7-8 օրից հետո արդեն խնդիրներ են ի հայտ գալիս, իսկ Արթուր Օսիպյանն արդեն 23 օր է, ինչ հացադուլի մեջ է:

Քաղաքական մասով ասեմ, որ այդ մարդը հանցանք չի գործել, ու իր կալանավորումը բացառապես քաղաքական դրդապատճառով է տեղի ունեցել, ընդամենը երկու րոպեում շատ գրագետ ձևով մերկացրեց Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականության սնանկությունը: Ես ամենում նաև երրորդ հանգամանք եմ ուզում նշել. իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է արցախահայությանը, այստեղ նաև ներազգային թշնամանքի հրահրման տարրեր կան:

– Դուք մի քանի անգամ եք հացադուլի դիմել: Որպես այդ ճանապարհն անցած մարդ՝ ի՞նչ տարբերություններ եք տեսնում ձեր և Արթուր Օսիպյանի իրավիճակների միջև:

– Իմ 15-օրյա հացադուլն ամենաերկարն է եղել, թեև, կարելի է ասել՝ շատ թեթև եմ տարել հոգեբանորեն, որովհետև դրսում հազարավոր մարդիկ աջակցում էին ինձ: Ամեն օր լրատվամիջոցների եթերը սկսվում էր իմ մասին տեղեկություններով, ինչը մեծ հոգեբանական լիցք էր հաղորդում, հացադուլի սթրեսը կարողանում էի հաղթահարել: ԱՄՆ դեսպանը, ԵՄ ներկայացուցիչները, զանազան միջազգային դեմքեր ամենօրյա ռեժիմով ինձ այցի էին գալիս, ինչն էլ ստիպում էր բանտի ադմինիստրացիային խիստ պատշաճ վերաբերմունք դրսևորել, և հացադուլի էֆեկտիվությունը անգամներ ավելանում էր: Այս պահին դա բացակայում է:

Մի քանի անգամ հացադուլի եմ եղել, ամենաերկարը՝  2008-ին՝ տասնհինգ օր: Բոլոր դեպքերում էլ  Հայաստանի իշխանությունների վրա մեծ ճնշում կար՝ թե՛ երկրի ներսից, թե՛ միջազգային կառույցների կողմից:

15-օրյա հացադուլից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով, բայց նաև միջազգային կառույցների միջամտության պայմաններում, երբ հայտարարվեց, որ իմ խափանման միջոցը կվերանայվի, ես դադարեցրի հացադուլը: Ինձ անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց:

– Պարոն Սուրենյանց, այսօր այս իրավիճակում ի՞նչ ելք եք տեսնում:

-Առնվազն խափանման միջոցի անհապաղ փոփոխություն: Այդ մարդը կալանքի տակ ոչ մի ավել րոպե չպետք է մնա: Ես էլ չեմ խոսում գործը կարճելու մասին, բայց այս պահին առաջնահերթություն է կալանքից անմիջապես ազատ արձակելը, որովհետև ես գիտեմ, որ այդ հետհացադուլային փուլը շատ բարդ է, իսկ կալանքի ռեժիմում այդ մարդը չի կարող կազդուրվել: Սա լավագույն դեպքում եմ ասում, որովհետև, Աստված չանի, ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել: Նայում ենք՝ կթվա ուժեղ է, կարող է նույնիսկ ժպտալ, բայց 23 օր հացադուլի մեջ, այն էլ՝ նման պայմաններում, ամեն րոպե կարող է ճակատագրական լինել: 

Այդքան օր հացադուլից հետո հետհացադուլային ադապտացիա «Նուբարաշենում» չեն կարող ապահովել, դրա համար պայմաններ չունեն: Միակ ձևը այս դեպքում խափանման միջոցի անհապաղ փոփոխությունն է, որպեսզի լավագույն շահերի պաշտպանությունն ապահովվի, հումանիտար խնդիր չլինի, մահվան դեպք չունենանք, ինչն էլ կբերի միջազգային սկանդալի, իշխանություններն այս մասին էլ պետք է մտածեն: Մարդը կյանքն է կորցնելու: Թող քննությունը շարունակեն, բայց կալանքը պետք է վերացվի որպես խափանման միջոց:

Նաև հասկանում եմ, որ հացադուլի ժամանակ խափանման միջոց չեն փոխում, որովհետև կարող է նախադեպ ստեղծվել այլ բանտարկյալների համար: Բայց քննիչը կարող է մոտենալ ու ասել, որ դադարեցնի հացադուլը, և կալանքը փոխեն: 

– Իսկ խափանման միջոցի փոփոխությունը հավանական համարո՞ւմ եք, պարոն Սուրենյանց:

– Այո՛, բայց հիմա այդ մարդու կյանքում ոչ թե ժամը, այլ րոպեն դեր ունի, այսինքն՝ րոպե առաջ նրան պետք է ազատ արձակեն: Հանրային ճնշումն այս առումով չի կարող ազդեցություն չունենալ, սա թեմա է, որից զարգացող սկանդալի հոտ է գալիս, իսկ այդ պարագայում լինելու են միջազգային արձագանքներ ևս: Առաջիկա օրերին կամ ժամերին նա կարող է կորցնել գիտակցությունը, կարող են գալ ու երակային սնուցում միացնել, եթե մինչ այդ սրտի կանգ չլինի: Հույս ունեմ, որ իշխանությունները հումանիստական մոտեցում կդրսևորեն: Ես քննադատել եմ այդ տղայի գործունեությունը, բայց սա արդեն կյանքի հարց է, ոչ թե քաղաքական:

Փաշինյանն այդ հարցերի նկատմամբ որոշ չափով զգայուն է, ու ընտրություններն ավարտվել են, նա այն ժամանակ փորձում էր ցույց տալ, որ ցանկացած այլախոհություն ճնշվելու է, բայց հիմա այդ խնդիրն այլևս չունի: Օսիպյանի դեպքը խոսում է կայուն ավտորիտարիզմի հաստատման մասին, եթե մոտավորապես վեց ամիս առաջ մենք գործ ունեինք հիբրիդային ավտորիտարիզմի հետ, ապա հիմա գործ ունենք կայուն ավտորիտարիզմի հետ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am