Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք` սամբոյի աշխարհի առաջնությանը

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը։ Շատ երկար ենք պատրաստվել այս մրցումներին․ անկասկած՝ արդյունքներ ոնենալու ենք։ Կազմակերպչական առումով ևս ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես։ Նախորդ տարի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը մեր միջազգային գործընկերների գնահատմամբ փայլուն ենք անցկացրել։

Վստահ եմ՝ այս տարի ևս պատվով կկատարենք մեր առջև դրված խնդիրը, ու այս առումով Հայաստանի կառավարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների աջակցությունն անգնահատելի է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այս առաջնությունն անցկացվի շատ բարձր մակարդում»,- ասում է Միքայել Հայրապետյանը։ Ֆեդերացիայի նախագահը լիահույս է՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն ու հայ երկրպագուները մեր մարզիկներին կմղեն հաղթանակների։

«Երկրպագուները մեր ուժն են։ Բոլորս միասին պետք է թիկունք լինենք մեր մարզիկներին, աջակցենք նրանց Մարզահամերգային համալիրում, որպեսզի կարողանանք բարձր հաջողություններ արձանագրել։ Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր գոտեմարտ եզրափակչի պես է լինելու՝ պատասխանատվության ամենաբարձր աստիճանում։ Պետք է հոգեբանորեն շատ պինդ լինենք, չտրվենք սադրանքներին ու էմոցիաներին։ Պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի։ Ճիշտ ու հավաքված աշխատանքի դեպքում՝ վստահ եմ փայլուն մեդալներ կունենանք»,- եզրափակում է Միքայել Հայրապետյանը։

Հայաստանի սամբոյի հավաքականներն ԱԱ-ին նախապատրաստվելու նպատակով հոկտեմբերի 25-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում։

Նոյեմբերի 5-ին հավաքը կավարտվի, մարզիկներին եռօրյա հանգիստ կտրամադրվի, իսկ նոյեմբերի 9-ից թիմը կսկսի իր մասնակցությունն ԱԱ-ին։ Առաջին գոտեմարտերը նախատեսված են նոյեմբերի 10-ին։ Գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով՝ Երևանում կայանալիք ԱԱ-ի պատասխանատվությունը շատ մեծ է.

«Տղաներին ասել եմ, որ Հայաստանում տարած յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար պատիվ է լինելու։ Պարզապես պետք է անենք առավելագույնը։ Միայն ուրախ կլինենք, եթե մեր մարզիկները շատ մեդալներ նվաճեն, բայց ամեն ինչ գորգը ցույց կտա։ Ով պատրաստ լինի, նա էլ կհաղթի։ Լավ պատրաստություն ենք անցել, մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք»։

Մարզչի խոսքով երկրպագուների աջակցությունը մեծ դերակատարություն կունենա թե՛ թիմին հաղթանակների մղելու, թե՛ նաև մրցավարական սխալ որոշումների վրա ազդելու առումով, եթե այդպիսիք լինեն։

Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։