«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, Վաշինգտոնում ընթացող բանակցություններից, հանդիպումներից ի՞նչ կարելի է ակնկալել։
– Իրական սպասելիքների հնարավորությունն առավել օբյեկտիվ վերլուծելու համար անհրաժեշտ է գործընթացը դիտարկել միաժամանակ մի քանի հարթությամբ։ Նախևառաջ պետք է նշել, որ այս գործընթացը տեղի է ունենում ԱՄՆ-ի ոչ ակտիվ, բայց միջնորդությամբ, ինչը, բնականաբար, ներկա աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում տրամաբանորեն ծնելու է Ռուսաստանի հակազդեցությունը, որովհետև Արևմուտքի կողմից նաև մեր տարածաշրջանում եղած խնդիրների կարգավորման գործընթացում որևէ ակտիվացում Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես սեփական դիրքերը թուլացնելուն միտված քայլեր։
Պարզ է, որ երբ ԱՄՆ-ն անընդհատ շեշտադրում է ուղիղ երկխոսության տարբերակը ու գործում է ավելի շատ բարի ծառայություններ մատուցող կողմ, այլ ոչ միջնորդ, արվում է նրա համար, որ Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը չեզոքացնի։
Մյուս կողմից՝ այս բարդ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդությունը լրջագույն պատասխանատվություն է այն տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ի շահերն այնքան էլ ընդգծված չեն, դրա համար էլ ԱՄՆ-ն մեծ հաշվով խուսափում է ընդգծված միջնորդությունից։ ԱՄՆ-ի նման դիրքավորումը կարգավորման գործընթացում, բնականաբար, չի կարող բավարար արդյունավետություն ապահովել՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա ուժային բալանսի էականորեն խախտված լինելու հանգամանքը ու այստեղ բախվող քաղաքական շահերը։
Միանշանակ է, որ Ադրբեջանի ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների բնույթը, Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում, Իրանի հետաքրքրությունները հավելյալ կերպով նպաստելու են նրան, որպեսզի արևմտյան միջնորդությամբ խաղաղությունը չիրականանա։
Բնականաբար, Ադրբեջանի կողմից տեսնելու ենք շատ ավելի անզիջում ու առավելապաշտական դիրքավորում՝ հաշվի առնելով գետնի վրա Ադրբեջանի շատ ավելի լայն հնարավորությունները։ Այս ամենի համատեքստում պետք է ասել, որ մեր ակնկալիքները բավականաչափ սահմանափակ պետք է լինեն, բայցևայնպես Վաշինգտոնում ընթացող բանակցությունները գոնե որոշակի շրջանակային համաձայնության կարող են հանգեցնել։ Այսինքն՝ ինչ-որ նախնական փաստաթղթի ստորագրման հավանականություն այնուամենայնիվ կա, ընդ որում՝ այդ մասին նաև նույն միջնորդ կողմն է նշում։
– Ձեր ասած այդ հակազդեցությունը կարծեք թե Ռուսաստանից արդեն զգացվում է, որովհետև Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնությունների հիման վրա, նրա խոսքով՝ դրանց այլընտրանք չկա:
Իշխանական պատգամավորներից մեկն էլ հայտարարել է, որ նախատեսվում է նաև Ռուսաստանում արտգործնախարարների հանդիպում։ Այս ամենի համատեքստում ի՞նչ զարգացումների սպասենք։
– Պեսկովի հայտարարությունը իր առանձին բաղադրիչներով հենց հաստատում է իմ վերոնշյալ տեսակետը։ Այն, որ ընթանալու է հարթակների կողմից մրցակցություն՝ պարզ է, այսինքն՝ կողմերից որը հավելյալ կերպով կխոչընդոտի հարթակներից մեկում ձեռք բերված, թեկուզ ոչ էական համաձայնությունների կատարումը։
Հարթակների այս մրցակցությունը հակամարտ կողմերին տանելու է տարբեր մայրաքաղաքներ, ու կողմերից որևէ մեկը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, որևէ հարթակում իրեն առաջարկված պայմանները սեփական շահերին ոչ համապատասխան գնահատելով՝ կարող է հրաժարվել մի հարթակից, գործընթացը տեղափոխելով մյուս հարթակ, այսպիսով տորպեդահարելով ընդհանուր կարգավորման գործընթացը, ինչպես մինչ այժմ է եղել։
Պարզ է, որ Ռուսաստանն ամեն կերպ ձգտելու է հաջորդ հանդիպումը կազմակերպել Մոսկվայում ու շրջանառել այնպիսի պայմաններ, որոնք շատ ավելի շահեկան են հակամարտ կողմերից որևէ մեկին։ Նույն տրամաբանությամբ շարունակվելու է գործընթացը, ինչպես մինչ այժմ, եթե միջնորդներից մեկի կողմից չլինի կողմերին համաձայնության տանելու առարկայական պարտադրանքի փորձ, երկրորդ՝ եթե տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական իրավիճակը չնպաստի նրան, որ երկու կողմի համար էլ ձեռնտու լինի որևէ փաստաթուղթ ստորագրելը, քան դրա հնարավորությունը մերժելը։
– Որո՞նք կարող են լինել այդ նպաստող պայմանները, պարո՛ն Պետրոսյան։
– Թուրքիայի համապետական ընտրությունները, երբ Ադրբեջանի համար ոչ բարենպաստ սցենար արձանագրվի, ու Էրդողանը պարտվի։ Երկրորդ՝ եթե ռուս-ուկրաինական ճակատում ինչ-որ բան փոխվի։ Այդ պայմաններում, բնականաբար, Ադրբեջանի համար շատ ավելի ձեռնտու կլինի որևէ փաստաթուղթ ստորագրել ու իրավիճակը ավելի կառավարելի պահել։
– Այսինքն՝ գոնե մինչև Թուրքիայի ընտրությունների ավարտը էական արդյունք չե՞նք տեսնելու։
– Եթե մինչ այդ Արևմուտքը կոնկրետ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, կարող է ինչ-որ շոշափելի արդյունք արձանագրվել, բայց եթե դա տեղի չունենա, ու Թուրքիայում հաղթի Էրդողանը, Ուկրաինայում էլ Ռուսաստանի դիրքերն ավելի թուլանան, բնականաբար, Ադրբեջանը հրաժարվելու է պայմանավորվել արևմտյան հարթակում՝ փորձելով ավելի բարելավել իր դիրքերը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am