Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքում

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործը մակագրվել է դատավոր Գնել Գասպարյանին։

Գործը դատարան է մուտք արվել օգոստոսի 23-ին։ Դատական առաջին նիստի օրը դեռ նշանակված չի։ Առուշ Առուշանյանի մեղադրական եզրակացություններում ասվում է․

«Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, Առուշ Առուշանյանը, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվերակելուն հարկադրելը:

Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Առուշ Առուշանյանի պահանջով Լուսինե Ավետյանը կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների, այդ թվում՝ Սաթենիկ Սինանյանի, Նարինե Արզումանյանի, Լիանա Մկրտչյանի, Ալինա Օհանջանյանի և Նաիրա Սարգսյանի հետ, ովքեր Առուշ Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել:

Այնուհետև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 265-Ա որոշման հիման վրա Սաթենիկ Սինանյանի որդուն՝ Հարութ Սինանյանին, Նարինե Արզումանյանի, Ալինա Օհանջանյանին և Նաիրա Սարգսյանին բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100000-ական ՀՀ դրամ, իսկ Լիանա Մկրտչյանին՝ 220000 ՀՀ դրամ:

Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Հայաստանի դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, կազմակերպել է սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փատով պայմանավորված կախվածության մեջ գտնվող երկու և ավելի ընտրողներին ընտրությանը մասնակցելուն և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվերակելուն հարկադրելը»։