Նորընտիր Ազգային ժողովը դառնալու է քաղաքական հակամարտության ու դիմակայության առաջնագիծ. Տաթև Զորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանը

– Օգոստոսի 2-ին մեկնարկելու է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս խորհրդարանից, տիկի՛ն Զորյան։ 

– Այս խորհրդարանից դասական օրենսդրական աշխատանքի կամ քաղաքական երկխոսության ակնկալիքներ ունենալն անհիմն է։ Նորընտիր Ազգային ժողովը ձևավորվել է խոր պառակտվածության և իրավական-ուժային ճնշումների պայմաններում, ինչը նշանակում է, որ այն դառնալու է ոչ թե օրենսդիր մարմին, այլ քաղաքական հակամարտության ու դիմակայության առաջնագիծ։ Իշխանության համար այս խորհրդարանն առաջնային գործիք է լինելու արտաքին պարտադրանքներն ու սահմանադրական փոփոխությունները լեգիտիմացնելու համար, իսկ հանրության համար՝ պետականության պահպանման նոր փորձաքար։ 

– Կառուցողական աշխատանք կստացվի՞ ընդդիմության ու իշխանության միջեւ։ 

– Կառուցողական աշխատանքի համար գոյություն չունեն ո՛չ ինստիտուցիոնալ, ո՛չ էլ բարոյահոգեբանական նախադրյալներ։ Գործող վարչակազմն անցել է ուժային վարչարարության և «ընտրովի արդարադատության» տակտիկային, ինչը բացառում է փոխզիջումային քաղաքականությունը։ Բացի այդ, առկա է օրակարգերի անհամատեղելիություն. իշխանության օրակարգը հարմարվողականությունն է, իսկ ընդդիմությանը (թեկուզև առայժմ դեկլարատիվ մակարդակում)՝ պետական ինքնիշխանության պաշտպանությունը։ Երբ կողմերի միջև բացակայում է պետության ապագայի շուրջ նվազագույն կոնսենսուսը, կառուցողականությունը վերածվում է ֆիկցիայի։

– Ընդդիմության օրակարգը ո՞րը պետք է լինի այս խորհրդարանում։

– Խորհրդարանական ընդդիմության օրակարգը պետք է հիմնված լինի երեք առանցքային սկզբունքների վրա. ա) արտաքին-անվտանգային վտանգների բացահայտում. ամբիոնն օգտագործել ոչ թե կենցաղային վեճերի, այլ տարածքային զիջումների, անկլավների ճանաչման և Սահմանադրության փոփոխության իրական վտանգները հանրությանն ու միջազգային հանրությանը հասցնելու համար։ բ) Իշխանության ինստիտուցիոնալ զսպում. թույլ չտալ, որ իշխող մեծամասնությունը հեշտությամբ անցկացնի պետականության հիմքերը քայքայող նախագծեր՝ օգտագործելով վերահսկողական բոլոր իրավական գործիքները (պատգամավորական հարցապնդումներ, քննիչ հանձնաժողովներ)։ գ) Կամուրջ հասարակության հետ. խորհրդարանական ամբիոնը վերածել հանրային դիմադրության մոբիլիզացիոն կենտրոնի։ 

– Տիկի՛ն Զորյան, ընդդիմությունից ասում են, որ խորհրդարանի աշխատանքով, գումարած փողոցային պայքար իրենք կարողանալու են Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք, ինչպե՞ս են դա անելու։

– Այդ մոդելը քաղաքագիտորեն իրատեսական է, բայց միայն մեկ պայմանով՝ եթե փոխվեն պայքարի որակն ու տակտիկան։ Խորհրդարանական հարթակն ու փողոցային զանգվածային ճնշումը պետք է ստեղծեն սիներգիկ էֆեկտ։ Իշխանափոխությունը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ ընդդիմությանը հաջողվի փողոցային պայքարը «էմոցիոնալ ալիքից» վերածել ստրատեգիական, երկարատև և կազմակերպված պրոցեսի։ Եթե ընդդիմությունը կարողանա հանրությանը առաջարկել ոչ միայն «մերժման» օրակարգ, այլև պետության ճգնաժամային կառավարման հստակ ծրագիր, ապա խորհրդարանական ու փողոցային պայքարների համադրումը կբերի իշխանական համակարգի կազմալուծմանն ու իշխանափոխությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am