Անվտանգային առումով Հայաստանը բոբիկ է, այդ իսկ պատճառով  պատերազմի հավանականությունը շատ մեծ է. Հայկ Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, առողջապահության նախարարությունն առաջարկում է վերանայել «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը, համացանցում այն արդեն հասցրել է բուռն արձագանք ստանալ։

– Այստեղ ճիշտ կլինի մասնագիտական գնահատական տալ, ընդ որում՝ երկու ոլորտի մասնագետներ պետք է խոսեն՝ բժիշկներն ու զինվորականները, ցանկացած այլ գնահատական սուբյեկտիվ է, կողմնակալ, միգուցե նաև՝ սխալական։ Այստեղ պետք է լինի զուտ մասնագիտական խոսակցություն, այսինքն՝ հիմնավորումները պետք է լինեն հստակ՝ ինչու տվյալ մարդը չի կարող այս կամ այն զենքը կրել կամ կրել։ 

Ավելին ասեմ՝ այս հարցը նեղ մասնագիտական է, զինվորական լինելով հանդերձ, հարցի վերաբերյալ կարող է տեսակետ հայտնել, օրինակ՝ սպառազինության ոլորտի մասնագետը, բժիշկ լինելով հանդերձ՝ պետք է լինել, ենթադրենք, թերապևտիկ մասնագետ՝ ընդհանուր, բոլոր ուղղություններով, իրենց գնահատականները պետք է հիմք ընդունել։ 

Այլ բան է, որ հաշվի առնելով այն իրողություննեը, որի մեջ ապրում ենք վերջին 4-5 տարիներին, ժողովրդի մոտ կա արդարացի ու հիմնավոր անվստահություն օրվա իշխանությունների, պետական ինստիտուտների, դրանց ղեկավարների ու անդամների նկատմամբ: Այս իրողությունը կա, այսինքն՝ եթե իրենք նույնիսկ ամենալավ առաջարկով էլ հանդես գան, ժողովրդի մոտ կա անվստահություն, բայց ես կարծում եմ, որ սա այն եզակի ոլորտներից է, որտեղ մասնագետները պետք է խոսեն։ 

Բայց պետք է նայել բազմաթիվ երկրների փորձը, որոնք այս ամենով անցել են, իսկ այդպիսի երկրները տասնյակներ են, եթե ոչ ավելի, օրինակ՝ ԱՄՆ-ն հրաշալի փորձ ունի: Այս երկրներում բաներ կան, որը մենք իսկապես պետք է ուսումնասիրենք, սովորենք ու կիրառենք։ Այս հարցում կարող են օգնել նաև լրագրողները, որ ձեռքներիդ տակ ունենաք այդ երկրների անցած պրակտիկան այս ոլորտում։ 

– Հաշվի առնելով վերջին դեպքերը, որոնք տեղի են ունենում Սյունիքի մարզում, երբ մարզ մտած ադրբեջանցիներին հայտնաբերում են գյուղացիներ, Տեղ գյուղի ողբերգական ելքով բախումը, ձեր դիտարկմամբ, Հայաստանն այսօր անվտանգային առումով ի՞նչ մակարդակում է գտնվում, պատկան մարմինները որքանո՞վ են պատշաճ կատարում իրենց աշխատանքը։

– Ես մի մեջբերում անեմ Փաշինյանի հայտարարություններից․ երբ Գերմանիայում նրան հարց տվեցին անվտանգության հետ կապված, նա ասաց. «Մենք չենք կարող երաշխավորել անվտանգությունը»։ Այսինքն՝ երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատու անձը խոստովանում է, որ մենք ունենք լրջագույն սպառնալիքներ, մարտահրավերներ, որոնց չենք կարող ո՛չ դիմագրավել, ո՛չ չեզոքացնել, իսկ այդ մարտահրավերներն առաջին հերթին գալիս են մեր հարևան Ադրբեջանից։ 

Բնականաբար, պետական ինստիտուտներն իրենց բարձրության վրա չեն, նկատի ունեմ ԱԱԾ-ի սահմանապահ ստորաբաժանումները, բանակը: Վերջին դեպքը Տեղ գյուղում դրա լավ ապացույցն էր։ Այդ ադրբեջանցի երկու զինծառայողի սահմանահատման նպատակի վերաբերյալ տարբեր վարկածներ կարող են լինել, բայց ինձ համար փաստ է, որ այդ երկուսն անարգել կարողացել են պետական սահման անցնել, ընդ որում՝ սահման, որտեղ ուժեղացված պահպանություն ու հսկողություն են։ 

Իսկ Տեղ գյուղի հետ կապված զարգացումները, որն արդեն իմ ոլորտն է, ես ամբողջ պատասխանատվությունը դնում եմ Փաշինյանի ու իր վարչակազմի վրա։ Այդտեղ նվազագույնը՝ բացթողում, իսկ առավելագույնը՝ միտում կար, որովհետև մի քանի հարցերի պատասխաններ հուշում են, որ հայկական կողմից եղել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում գործին, որոնց վերաբերյալ երեկ խոսեց ԳՇ պետը, նա ուղղակի ասաց, որ մենք մեղավոր չենք։ 

Իմ գնահատականը հետևյալն է․ եթե Ադրբեջանը մարտի 30-ից սկսած սկսել է ինժեներական աշխատանքներ կատարել մի տարածքում, որի նկատմամբ Հայաստանը հավակնություններ չի ցուցաբերում՝ որպես իր տարածք, այսինքն՝ թույլ է տվել, որ այդ աշխատանքները կատարվեն, նշանակում է, որ դա Ադրբեջանի տարածք է, միգուցե ԵՄ-ի կողմից Փաշինյանին ցույց տրված քարտեզներով։ 

Արձանագրենք, որ ադրբեջանցիները մոտ 10 հենակետ են դնում՝ զինված ուժերի, ոչ սահմանապահ զորքերի, 12 օր աշխատում են, հայկական կողմը հանկարծ որոշում է, որ ինժեներական աշխատանքներ պետք է կատարի Ադրբեջանի դրված դիրքից 150-200 ուղիղ գծով հեռավորության վրա, նման բաներ սովորաբար չեն արվում։ 

Այդ կարճ միջդիրքային հեռավորությունը հղի է ցանկացած պահի երկու կողմից սադրանքներով։ Վերջնարդյունքում մենք ունեցանք այն, որ հայկական կողմի հետ բանակցության եկած ադրբեջանական կողմը հայկական տարածքում՝ հայ զինծառայողների մոտ զոհվում է։ 

Հիմա սադրանքն ո՞ւմ կողմից է. նկատի ունեմ իշխանությունների որոշումների արդյունքում, ու ադրբեջանական կողմը միջազգային կառույցներին, նաև մեր գործընկերներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին, ապացուցում է, որ հայկական կողմը կրակում է բանակցող կողմի վրա, իսկ դա փաստ է, ու որևէ մեկը չի կարող դա հերքել ու հակառակն ապացուցել՝ անկախ պաշտոնից։ 

Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով այս իրավիճակը, կտրում է անմիջական կապը երկու պետությունների ղեկավարների միջև, որը գոյություն ուներ, որի մասին 2018-ին Փաշինյան Նիկոլը հպարտորեն էր ասում՝ կա թեժ գիծ։ Բայրամովը երեկ հայտարարեց, որ այդ անմիջական կապն այլևս չի գործում, ինչն իրենք կհիմնավորեն նրանով, որ հայկական կողմը կրակում է բանակցելու եկած մարդու վրա, հետևաբար նման երկրի իշխանության հետ ի՛նչ բանակցես։ 

Այս ամենից խուսափելու համար ՀՀ իշխանությունը մեկ ելք ուներ․ ցույց տար, որ միջադեպը պատահականության հետևանք է, այլ ոչ թե՝ նախապես պլանավորված, ու որ անաչառ քննությամբ կպարզվի ողջ եղելությունը, բայց նրանք լրիվ հակառակն են անում․ իշխանական մամուլը, Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեցին, թե ադրբեջանցիներն են սադրել, դրա համար էլ Բայրամովն ասաց, որ այդ կապը խզվում է։

– Այսինքն՝ անվտանգային առումով Հայաստանը…

– Բոբիկ վիճակում է։ Անվտանգային առումով մենք լրիվ մերկ վիճակում ենք, ու դրա համար պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Այս պատճառով է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պարբերաբար՝ վերջին 15 օրն անընդհատ, հայտարարում են՝ մեր խաղաղապահները, մեր դիտորդները, զենք, զինամթերք և այլն գան այստեղ, իսկ Փաշինյանն ասում է՝ ոչ։ 

Ո՞ւմ է ձեռք տալիս այստեղ իրավիճակը սրել ու լայնածավալ ռազմական գործողություններ լինեն՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, որը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ կբացի, երկրորդ՝ խնդիրներ ստեղծի Իրանի համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am