«Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման արդյունքներով գերիների վերադարձի ներուժ տեսնում եմ». Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ներկայացուցիչ, իրավաբան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, այսօր Բրյուսելում եռակողմ հանդիպում է նախատեսվում՝ Միշել-Փաշինյան-Ալիև: Դուք ի՞նչ հույսեր ունեք այս հանդիպումից, հնարավո՞ր է գերիների վերադարձ տեղի ունենա:

– Չեմ բացառում: Եվրոպական կառույցները սեփական տնտեսական, քաղաքական շահերից ելնելով պետք է անտարբերության մատնեն հիմնախնդիրներ: Այս լռության գինը կարող է լինել՝ մեծացնել միջնորդական դերը որոշակի մարդասիրական խնդիրներ լուծելու հարցում: Փոխադարձ համաձայնությամբ նրանք կարող են խոստանալ Բաքվի իշխանություններին, օրինակ՝ սատարել առանձին հարցերում, լռել կատարած հանցագործությունների համար՝ պայմանով, որ Ադրբեջանի իշխանությունները բարձրացնեն եվրոպական կառույցների դերակատարումը տարածաշրջանում՝ նրանց միջնորդությամբ լուծելով ռազմագերիների խնդիրը:

Սա շատ ռացիոնալ, իրատեսական գործարք եմ համարում, և դրա շուրջ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել՝ այս փուլո՞ւմ, թե հետո՞՝ չեմ կարող ասել: Բայց, կարծում եմ՝ այս հանդիպումը ներուժ ունի, որպեսզի դրա ֆոնին որոշակի դրական տեղաշարժեր արձանագրվեն: Հատկապես որ հայկական կողմը վերջին շաբաթվա ընթացքում մեծ զիջման է գնացել հանուն Ադրբեջանի: 

– Ի՞նչը նկատի ունեք:

– Նկատի ունեմ Աղավնոյի, Բերձորի տեղահանումները, որոնք մենք բոլոր գիտենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արտացոլված չեն եղել, որքան էլ փորձեն տարածական մեկնաբանել:

– Շատ լավ, տիկի՛ն Սահակյան, երեկ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն էր, և 2020-ի Արցախյան պատերազմի հետևանքով հարյուրավոր մարդիկ բռնի, հարկադրված անհետ կորած են համարվում, ավելին, ադրբեջանական կողմը տեղեկություններ չի տրամադրում նրանց գտնվելու մասին: 

– Հայաստանի համար շատ արդիական է նախ 2020-ի պատերազմից հետո բռնի տեղահանվածների խնդիրը, բացի այդ, մի քանի օր առաջ մենք ունեցանք խնդիր նաև հարկադիր տեղահանման դեպքեր Աղավնոյից, Բերձորից: Առաջին պատերազմից հետո էլ մենք ունենք բռնի տեղահանվածներ, որոնց խնդիրը դեռևս լուծված չէ:

Մենք ունենք Շահումյանից տեղահանված «Սարգսյանը և այլք ընդդեմ Ադրբեջանի» գործը, և Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն հրաժարվում է վճարել գումարները, այլ նաև նախատեսել մեխանիզմ, քննարկել ուղիներ, և բռնի տեղահանվածները կարող են վերադառնալ ու ապրել իրենց բնակավայրերում:

Հայաստանի համար, կարծում եմ՝ գերխնդիր է, որ հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվի այդ վճիռների կատարումը, իսկ անցած 30 տարիների կրած զրկանքների հետևանքով նյութական փոխհատուցումը կատարվի դատական ակտերի հիման վրա: 

Մեծ խնդիր է նաև այն, որ 2020-ի պատերազմից հետո տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհվածների իրավունքները ևս պաշտպանվեն և՛ իրավական, և՛ քաղաքական ճանապարհով: Նշեմ, որ քաղաքական բանակցությունների առարկա կարող են լինել նաև այդ անձանց վերադարձը բնակավայր, կամ առնվազն փոխհատուցման մեխանիզմներ ներդրվեն, որպեսզի անձինք հնարավորություն ունենան նոր բնակավայրերում հաստատվեն ու ապրեն բնականոն կյանքով: 

– Տեսեք՝ և՛ դուք, և՛ շատ մասնագետներ բազմիցս փաստել ու հայտարարել են, որ Ադրբեջանը խախտում է միջազգային կոնվենցիոն նորմեր, հետևողական չէ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցում: Ըստ ձեզ՝ Հայաստանի իշխանությունները բավականաչափ պահանջատե՞ր չեն, թե՞ միջազգային հանրությունը, կազմակերպությունները պարզապես աչք են փակում այդ փաստի վրա: 

– Կարծում եմ՝ երկու գործոններն էլ առկա են: Նախ՝ միջազգային հանրությունը իր հզոր զինանոցը ցույց է տվել ռուս-ուկրաինական հակամարտությունում, և մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը անճար չէ և ըստ նպատակահարմարության միջամտել ու միջամտել է բիրտ, կոշտ մեթոդներով: Այդ մեթոդները ազդեցիկ են, կարող են վտանգել պետությունների տնտեսություններ, ազդեցիկ քաղաքական գործիչների ու նրանց ընտանիքի անդամների ապագան, բարեկեցությունը, ազդել որոշումների կայացման վրա:

Բայց մենք իրապես տեսնում ենք անտարբերություն արցախյան հիմնախնդրի առնչությամբ, որը երկու մաս ունի, նախ առաջինը՝ միջազգային հանրությունն այս պահին ունի ռազմավարական համընկնող շահեր Ադրբեջանի հետ, և ցավում եմ, որ նմանակերպ դիրքավորում ունի նաև Եվրոպան: Այս համատեքստում հասկանում ենք, որ ավելի հակված են լինելու թեթև միջամտության, քան կոշտ գործելակերպի:

Կա նաև երկրորդ մասը, որի հասցեատերը Հայաստանի իշխանություններն են. նրանք ընդդեմ արտաքին քաղաքականություն են վարում՝ տարբեր իրավիճակներում որպես գործընկեր ընկալելով ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Եվրոպային, ու նրանց շփումները դերակատարների հետ չեն ինստիտուցիոնալացվում, ռազմավարական գործընկերներ չեն առանձնացվում:

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները կոշտ պահանջ չեն ձևակերպում գործընկերների հետ շփման մեջ, որպեսզի միջամտող քայլեր ձեռնարկվեն: Այսինքն՝ Հայաստանը այնպես չի դիրքավորվում եվրոպական կառույցների հետ, որ ընդունի նրանց գործընկերությունը: Հայաստանի իշխանությունների մեսիջները, խնդրանքը միջազգային հանրությունից թույլ է, թերի ձևակերպված, և ստեղծված աշխարհաքաղաքական իրողության պայմաններում բարենպաստ հող չկա, որ այս կառույցները միջամտեն ու պատժամիջոցներով սպառնան, որ Ադրբեջանը իր գործելակերպը համապատասխանեցնի միջազգային իրավունքին: 

Հարմարվողականության նման պայմաններում շատ կարևորագույն հարցերի լուծում՝ բռնի տեղահանվածներ, անհետ կորածներ, գերիներ, մնում են առկախված: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am