Ավարտվել է դանակահարության, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով ռազմամթերք՝ նռնակ, ձեռք բերելու, պահելու, կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. հուլիսի 07-ին՝  ժամը 23:00-ի սահմաններում, հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյելու հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացու հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս և առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքերի, երկկողմանի հեմոպնևմոթորաքսի և աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների կտրած վերքի ձևով ծանր մարմնական վնասվածքներ  և դիմել փախուստի:

Ճանապարհին նկատելով իրենց հետապնդող ոստիկաններին` ավտոմեքենան վարող ընկերոջը հրահանգել է չենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու օրինական պահանջին և չկանգնել, սակայն Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վերջինս ավտոմեքենան կանգնեցրել է, որից հետո 31-ամյա տղամարդը նախապես իր հետ վերցրած հրացանը պատուհանից պահել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի ուղղությամբ և այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել չմոտենալ իրեն:

Իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս ինքնությունը դեռևս չպարզված անձից և հանգամանքներում ձեռք է բերել և իր մոտ պահել «Ֆ1» տեսակի ձեռքի բեկորային նռնակ և դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող  պայթուցիչ, որը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ շրջանառությունն արգելված, թմրամիջոց պարունակող բույսերի՝ 31-ամյա տղամարդու կողմից աճեցնելու, ինչպես նաև՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու, վերամշակելու և պահելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ վերջինիս տանը կից այգում հայտնաբերվել է 35 հատ կանեփ տեսակի բույս, իսկ տանը՝ 1.063 գրամ հաստատուն չոր քաշով, կանաչավուն, դեղնականաչավուն երանգների մանրացված տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ և առանձնապես խոշոր չափերի 86,36 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ ապակյա խողովակաձև դետալ, որում առկա նյութի հետքերի բաղադրության մեջ հայտնաբերվել են կանաբոիդային շարքի ալկալոիդներ, այդ թվում նաև՝ թմրակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկաննաբինոլի հետքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ  հոդվածի 1-ին մասով, 273-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ռազմամթերքի ձեռք բերման վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերք հանդիսացող նռնակի ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ: