Դատարանը հրապարակել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումը

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ որոշումը դատարանը մերժել է, Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել, քիչ առաջ դատարանի բակում, կալանքի միջնորդության քննությունից անմիջապես հետո լրագրողներին հայտնեց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Փաստաբանը նշեց, որ կալանքի միջնորդության մերժման որոշումը հենց նոր է իրենց տրամադրվել, դեռ չեն հասցրել ծանոթանալ՝ կալանավորելու որոշումը իրավական ինչ հիմնավորմամբ է մերժել դատարանը, ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է: