Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ակտ է ներկայացրել․ Factor.am

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է ներկայացնում, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենք է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Bianet լրատվական գործակալությունը։ Թուրքական խորհրդարանում շաբաթօրյա իր խոսքում Փայլանը 1915 թվականի իրադարձությունները կոչել է «Մեծ աղետ»՝ պնդելով, որ Առաջին համաշխարհային պատերազմում 1․5 մլն հայերի տեղահանություններն ու մահը Օսմանյան կայսրությունում պետք է ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Հայ պատգամավորը նշել է, որ ունի ընտանիքի անդամներ, որոնք անձնապես տուժել են զանգվածային տեղահանություններից։

«Տատիկիս նման որբերը հեռացան այս աշխարհից՝ առանց արդարությունը տեսնելու, ինչպես նաև վերապրածների երկրորդ սերունդը՝ հայրս։ Որպես Թուրքիայի երրորդ սերնդի հայ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- ասել է Փայլանը։

Նա նաև հավելել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարությունը կարող է լինել միայն այս հողերում՝ Թուրքիայում»։ Փայլանը շեշտել է, որ այս հարցը շարունակվում է քննարկվել այլ երկրների  խորհրդարաններում ու նախագահների կողմից, քանի որ 106 տարի Հայոց ցեղասպանությունը ժխտվում է։ Հավելենք, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

© factor.am