Արցախի գրավյալ Քաշաթաղում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա.Factor

Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ազերիշիգ» էներգաբաշխիչ ընկերության աշխատակից 1988 թվականին ծնված Մահիր Ռամիզ օղլու Աբիլովը Արցախի գրավյալ Քաշաթաղի շրջանում (Լաչին) ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Տեղի դատախազությունը հայտնում է, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են այլ գործողություններ։ Նշվում է, որ Մահիր Աբիլովի աջ ոտքն անդամահատվել է։ Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։

Հավելենք՝ նախօրերին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021-ի նոյեմբերի 22-ը ականի վրա պայթելու հետևանքով մահացել կամ վիրավորում է ստացել շուրջ 180 ադրբեջանցի, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։