Իշխանությունը 8 տարի բանակի խնդիրներին լուծում չի տալիս, քանի որ դրանք իր առաջնահերթությունների մեջ չեն․ Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակում սպանության կամ ինքնասպանության դեպքերին, նշել է երեք պատճառ, ինչի հետևանքով էլ արձանագրվում են նման դեպքեր: Ըստ նրա՝ պատճառները հետևյալն են. խաղադրույքները, դրանց հետևանքով առաջացած պարտքերը և դրանք մարելու անկարողությունը, զինծառայողների ընտանեկան և անձնական խնդիրները, որոնք նրանք ունենում են դեռևս քաղաքացիական կյանքից։ Երրորդ պատճառը կապված է մարտական դիրքերում հերթապահության ընթացքում քնելու հետ։ Սրա՞նք են հիմնական պատճառները:

– Ամենախնդրահարույցը այն հանգամանքն է, որ պաշտոնատար անձինք, պատասխանատվություն կրող տարբեր պաշտոնյաներ փորձում են խոսել որպես վերլուծաբաններ, այսինքն՝ ներկայացնում են իրավիճակը, անցնում առաջ։ Այսինքն՝ եթե կան արձանագրված խնդիրներ, իսկ դրանք արձանագրված խնդիրներ են, ապա որտե՞ղ են դրանց լուծումները։ Այդ խնդիրներից մեկը, որը վերաբերում էր մարտական հերթապահության ժամանակ գրանցվող դեպքերին, դրա մասով 2-3 հիմնական պրոբլեմ կա, որոնց մասին կարելի է երկար խոսել։ 

Դրանցից մեկը, որին ես առիթ ունեցել եմ արդեն անդրադառնալու, հետևյալն է. անձնակազմը, որը հրամանով մարտական հերթապահություն է կրում, այդ ռեժիմի պայմաններում խիստ ծանրաբեռնված է, եթե դրան էլ գումարվում են նաև ընթացիկ մարզումները, վարժանքները, ինժեներական աշխատանքները, այլ գործեր, որոնք կարող են տարբեր իրավիճակներով պայմանավորված առաջանալ, բերում են նրան, որ զինծառայողների մոտ գերհոգնածություն է առաջանում, կամ ֆիզիկական վիճակը լինում է այնպիսին, որ ինքնըստինքյան, իրենց կամքից անկախ, բերում են մարտական հերթապահության իրականացման ժամանակ քնելու դեպքերի։ 

Հիմա քնելու դեպքերն էլ, պայմանավորված բանակում արատավոր բարքերի դեմ ոչ արդյունավետ պայքարով, ստեղծել են մի իրավիճակ, երբ մի կողմից արձանագրում ենք, որ դիրքերում դիտորդի կարգավիճակ ունեցող անձանց համար քնելը անվտանգության առումով սպառնալիք է, բայց մյուս կողմից էլ՝ այդ խնդիրը լուծվում է ոչ թե կանոնադրությամբ սահմանված մեթոդներով կամ անհրաժեշտ վերահսկողության բարձրացմամբ կամ դրա արդյունավետությամբ, այլ ներքին չգրված կանոններով, որն էլ բերում է սպանությունների և ինքնասպանությունների։ 

Հիմա մեկ խնդիր է պայքարել արատավոր բարքերի դեմ, մեկ խնդիր է կոտրել կաղապարված որոշ մոտեցումները և զինծառայողների հետ պատշաճ աշխատանք տանել, ընդ որում՝ միջանկյալ առումով ասեմ, որ դա համատարած չէ, և այնպես չէ, որ բոլոր զորամասերում է գործում: Կա մեկ այլ հանգամանք այստեղ, դա պարզապես անձնակազմի թվակազմի ավելացումն է, այսինքն՝ մեկ մարտական դիրքում ծառայություն կրող անձանց թիվը 2 զինծառայողով ավելացնել: 2 զինծառայողով ավելացումը, կարելի է ասել, հոգնածության, գերհոգնածության, լրացուցիչ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրը գրեթե 100%-ով լուծում է։ Այսինքն՝ մի կողմից պետք է աշխատել այդ արատավոր բարքերի վերացման ուղղությամբ և ծառայությունը բացառապես կանոնադրությամբ սահմանված ուղղություններով տանելու մասով, մյուս կողմից՝ անձնակազմի թիվը պետք է ավելացնել։ 

Եթե ես սա ասեի, օրինակ, մեկ տարի առաջ, համոզված եմ, որ որոշ մարդիկ կհակադրվեին, կասեին՝ թվաքանակը չի բավարարում, սա չի լինում, նա չի լինում և այլն։ Բայց մենք տեսանք, որ 7-8 ամիս առաջ օրենքում փոփոխություն կատարվեց, և պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը 6 ամսով կրճատվեց։ Հիմա, ավելի լավ չէ՞ր այդ ժամկետը չկրճատվեր, հնարավորություն ունենայինք մարտական հերթապահությունը պատշաճ թվակազմով իրականացնել, որի արդյունքում ծանրաբեռնվածությունն էականորեն կիջներ, իսկ անգամներով կկրճատվեր նաև ինքնասպանությունների և սպանությունների դեպքերը։ 

Ինչ վերաբերում է խաղամոլությանը. ներհասարակական կյանքում այն դարձել է ողբերգական շարան, ու էս պահին դեռևս փակ ցիկլով, որն արդեն ներթափանցել է նաև զինված ուժեր, բայց ի տարբերություն ներհասարակական այլ հարաբերությունների, զինված ուժերում, որպես փակ համակարգ, վերահսկողություն սահմանելը շատ ավելի հեշտ է, այդ թվում նաև՝ կոշտ սահմանափակումների միջոցով։ Ու հիմա դրա մեխանիզմների առումով էլ լուծումները տարբեր են, տարբեր մոդելներ կարելի է դիտարկել, ու այդ մոդելներով հնարավոր է զինված ուժերում, եթե չասեմ ամբողջությամբ բացառել, ապա գոնե նվազագույն կետի հասցնել։

Ինչ վերաբերում է ընտանիքից բերած խնդիրներին. բոլոր ժամանակներում էլ զինծառայողների ծառայության վրա դա ազդեցություն ունեցել է, որոշակի դեպքերում նաև բերել ողբերգական՝ մահվան ելքով միջադեպերի։ 

Բայց խնդիրն այստեղ այլ բանի մեջ է, թե որքանո՛վ է զինծառայողը ազատ, անկաշկանդ տարբեր իրավիճակներում գործելու, չնախատեսված վայրում, օրինակ՝ զենքով գտնվելու կամ առհասարակ չնախատեսված վայր գնալու և տեղում ինքնասպանություն իրականացնելու մասով, հասկանո՞ւմ եք, էդ ամեն ինչը կրկին կապված է վերահսկողություն իրականացնելու հետ։ 

Հիմա ցանկացած օղակում՝ կլինի զորամասային օղակ, կլինի ավելի բարձր, կլինի ներքևում կամ վերևում, վերևում՝ նկատի ունեմ մարտական հերթապահության դիրքում, չասեմ ամբողջությամբ, բայց այդ վերահսկողությունը մեծացնելու՝ ժամանակակից առումով, տեխնոլոգիաների առումով մեծ հնարավորություններ կան։

Իշխանությունն ի՞նչ է անում. ասում ես, ինքը որոշ խնդիրներ ընդունում է, բայց երբ գալիս է թեմա, որ ասի՝ ի՞նչ է արել վերջին 8 տարվա ընթացքում դա կանխելու կամ թիվը նվազեցնելու համար, կամ ի՞նչ է առաջիկայում պատրաստվում անելու, պատասխանը լինում է այն, որ ասում է՝ գիտե՞ք, այս մեկը, որ քննադատում է, սրա ազդեցության տակ է, նա, որ քննադատում է, մեր վատն է ուզում: Հասկանո՞ւմ եք, խնդիրը տանում են լրիվ այլ ուղղությամբ։ 

Իմ տպավորությունն այն է, որ այդ ինքնապաշտպանությունը նպատակ ունի 

օբյեկտիվ կամ արդարամիտ հիմնավորումներ փնտրել, թե իրականության մեջ ինչու է այսպիսի վիճակ, և ասել, թե որն է ճանապարհը, նույնիսկ եթե դրանք ցավոտ են, այլ իշխանությունը այդ հիմնական խնդիրները լուծելու որևէ նպատակ չունի։ Հիմնականում զբաղվում են այն հարցերով, որոնք որոշակի կոսմետիկ նշանակություն ունեն, հասարակության աչքին ավելի տեսանելի են, և հիմնական ռեսուրսը ուղղում են դրա ուղղությամբ, իսկ ֆունդամենտալ առումով որևէ լուրջ բան տեղի չի ունենում։ 

– Միայն այս երեք պատճա՞ռն է, որ նման հետևանքների է բերում:

– Ո՛չ բնականաբար, ամենակարևոր հանգամանքը բանակի ներսում գաղափարական դաստիարակությունն է, այսինքն՝ գաղափարական առումով մարտիկի կերտումը, որը նաև զինծառայողի համար ինքնին իմունիտետ է դառնում տարբեր խնդիրներ հաղթահարելու, այդ թվում նաև՝ հասարակությունից ներթափանցած արատավոր բարքերի, և նրան հնարավորություն է տալիս ոչ միայն իր համար մարտունակություն ապահովել, այլև մնալ որոշակի կարգապահական շրջանակներում: Սա ավելի շատ բխում է ձևավորվող բարոյական նորմերից, ինչի մասին այս կառավարության պայմաններում անիմաստ է խոսել, որովհետև ողջ բառապաշարը, որը զինված ուժերի մասով կիրառվում է, և այն մոտեցումը, որոնք այսօր զինված ուժերում դրված են, բնականաբար, այս խնդիրը որևէ ձևով ոչ միայն չեն լուծում, այլև՝ չեն շոշափում։ 

 – Պարո՛ն Աբրահամյան, ստացվում է, որ պատկան մարմինները քաջատեղյակ են պատճառների մասին, բայց համապատասխան քայլեր չե՞ն անում, որ այդ իրավիճակը կարգավորվի։

– Համենայնդեպս, այն հիմնական պատճառները, որոնց մասին իրենք խոսում են, իհարկե պատճառներն արձանագրում են, և եթե գոնե այդ մասով, ինչի մասին իրենք խոսում են, այս 8 տարվա ընթացքում պատշաճ աշխատանք տարվեր, ապա և՛ պատահարների թիվը էականորեն կնվազեր, և՛ բանակի մարտունակության աստիճանը էականորեն կբարձրանար։ Հիմա 8 տարի է անցել, նույն բանի մասին, ինչ խոսվել է 2018 թվականին, 2019-ին, խոսում են նաև 2026-ին։ Ըստ էության ստացվում է, որ առնվազն բանակի մասով դրված խնդիրները, նախ՝ իրական առաջնահերթությունները չեն ներկայացրել, երկրորդը՝ որոնք էլ եղել են կարևորագույն հարցեր, դրանց մասով որևէ էական լուծումներ այդպես էլ չեն տրվել։ 

– Այսքան խոսվում է այդ դեպքերի մասին, կարծում եք, սրանից հետո կանե՞ն քայլեր, որ այդ դեպքերը կրճատվեն։ 

– Չեն անի երկու պատճառով. այն քաղաքականությունը, որը դրված է այս կառավարության առաջնահերթություններում, և զինված ուժերի մասով մոտեցումները, բնականաբար, չեն բխում հասարակության և նաև փորձագիտական շրջանակների կողմից բարձրացվող խնդիրների լուծման տրամաբանությունից: 

Երկրորդը՝ եթե նայենք դասական առումով ռազմաքաղաքական ղեկավարությանը, մարդկանց, որոնք պատասխանատու են և՛ զինված ուժերի մարտունակության, և՛ կարգապահության համար, պատասխանատու են զինված ուժերի մարտական խնդիրները լուծելու համար, այդ մարդիկ նաև կոմպետենտության լուրջ խնդիր ունեն: Այդ մարդիկ, եթե նույնիսկ մեծ ցանկություն ունեն շատ անկեղծորեն փորձեն թեմաներին մոտենալու, մնացած մասերը՝ քաղաքական ուղղվածությունը մի կողմ են դնում, ապա, անկեղծ ասած, այդ մարդկանց ներկայությունը որևէ ձևով հույս և վստահություն չի կարող ներշնչել։ 

Քրիստինե Աղաբեկյան