Փոխնախարարը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այցելել են Արարատի մարզի մթերման կայաններ, զրուցել ֆերմերների հետ, հետևել խաղողի մթերման գործընթացին։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ առաջին կանգառը Ոստան գյուղում էր, որտեղից ստացված ահազանգերի հետքերով մեկնել էին պաշտոնյաները։ «Ոստան» գործարանում ֆերմերներին նախապես տեղեկացրել էին, որ մթերումներն իրականացվելու են ժամը 9։00-ից մինչև 20։00-ը, սակայն հետագայում ֆերմերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնել մթերման ժամերը և ընդունել մթերքը դրանից հետո ևս։ Խնդիրներն այստեղ կարգավորվել են։

Այնուհետև պաշտոնյաներն այցելել են «Արարատի գինու գործարան», որտեղ 2020 թվականի մթերման գործընթացն առաջին անգամ էր մեկնարկում․ գործարանը վերազինվել է պետաջակցության ծրագրերի շրջանակում նոր արտադրական սարքվորումներով և էլեկտրոնային կշռման համակարգերով։

Այս տարի գործարանը նախատեսում է մթերել շուրջ 22 հազար տոննա խաղող։ Փոխնախարարի շրջայցի ընթացքում 75 բեռնատար մեքենա սպասում էր խաղողի կշռմանն ու մթերմանը։ Նախարարության ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում մթերման գործընթացից ֆերմերները դժգոհություն չեն հայտնել։

Պաշտոնյաները եղել են նաև Պռոշյանի գործարանում, որտեղ ֆերմերների հիմնական մտահոգությունը  հերթերի կարգավորման խնդիրն է։ Հաջորդ տարի գործարանի ղեկավարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։