«Մարդը աղքատ է, որովհետև իր ոչ մի գործողության համար պատասխանատվություն չի ուզում կրել»․ Լալա Մնացականյան

«Մարդը աղքատ է, որովհետև իր ոչ մի գործողության համար պատասխանատվություն չի ուզում կրել»․ Լալա Մնացականյան
«Մարդը աղքատ է, որովհետև իր ոչ մի գործողության համար պատասխանատվություն չի ուզում կրել»․ Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասանուհի Լալա Մնացականյանը:

– Տիկի՛ն Մնացականյան, վերջին օրերին մշակույթի որոշ օջախների լուծարման հարցն է օրակարգում: Մասնավորապես, մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը չի հերքել, որ նախարարությունում քննարկվել են նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման հարցերը, այդ թվում՝ շոշափվում է նաև համազգային թատրոնի լուծարման հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս դիրքորոշմանը:

– Ես որքանով տեղյակ եմ, խնդիրը հետևյալն է՝ քանի որ համազգային թատրոնը գործում է թատրոնի և կինոյի ինստիտուտի շենքում, ուզում են ներառել ինստիտուտի կազմի մեջ: Բայց այդ դեպքում կտուժեն և՛ ինստիտուտը, և՛ թատրոնը, որովհետև համազգայինը կայացած ու լավ թատրոն է: Ես ինչքան տեղյակ եմ, հարևանությամբ շենք էին կառուցում թատրոնի համար, և նրանք առանձնանալու էին: Ի՞նչ է լինելու այդ շենքի ճակատագիրը, ինչու լուծարել կամ վերացնել մի թատրոն, որը մեկուկես տարի հետո ունենալու է իր շենքը: Ես չեմ կարծում, որ արդեն կայացած թատրոնը, որն ապահովել է բավական բարձր մակարդակ և լավ դերասանական կազմ ունի, ամեն տարի հաստատում է իր գոյությունը, պետք է վերցնել ու լուծարել: Ես կարծում եմ, որ դա բավական անլուրջ ու անխոհեմ քայլ է:

– Արդեն 10 ամիս է՝ նոր իշխանություն կա երկրում, մշակույթի նկատմամբ պետական վերաբերմունքի փոփոխություն նկատո՞ւմ եք:

– Ո՛չ, չեմ զգում: Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ ամենախոցելի տեղը մշակույթն է, հատկապես թատրոնը ամենավտանգավոր ու ամենափխրուն ոլորտն է: Մենք անգամ թատրոնի պաշտպանության մասին օրենքներ չունենք: Այսինքն՝ այդ դաշտը մեզ մոտ բավական անկայուն է, ով գալիս է՝ առաջինը կպնում է թատրոնին: Այսօր բավական ծանր է թատրոնների վիճակը, եթե թատրոններն անցնեն ինքնաֆինանսավորման, իրենք չեն կարողանա իրենց պահել: Այո՛, ամբողջ աշխարհում մեկ-երկու թատրոն է ֆինանսավորում պետությունը, բայց մեզ մոտ չգիտեմ՝ դա ինչպես կգործի, արդյոք այդ օրենսդրությունը հօգուտ թատրոնի կգործի:

Մենք ունենք կայացած թատրոններ, և կարծում եմ՝ այն թատրոնները, որոնք կայացած են, նրանց ձեռք տալ չի կարելի: Թատրոնը պետության հովանու ներքո երբեք չի եղել, և այսօր էլ վերաբերմունքի փոփոխություն չեմ տեսնում: Միայն հասկանում եմ, որ թատրոնն էլի հայտնվեց փշալարերից այն կողմ: Թատրոնի մարդիկ կոպեկով աշխատող նվիրյալներ են, նրանք իրենց ամբողջ կյանքը դնում են թատրոնի կայացման մեջ, վերջում պարզվում է՝ ոչինչ չունեն: Թատրոնը Հայաստանում շատ ցավալի վիճակում է, ես չեմ խոսում շոուների մասին, որովհետև շոուներով դու երկրի մշակույթ չես ներկայացնում: Երբ մենք փառատոն ենք գնում, մենք այդ փառատոնին ներկայացումով ենք ներկայանում, ոչ թե շոուներով:

– Վերջերս վարչապետը մարդկանց կոչ արեց գլխից հանել աղքատությունը, ինչը բուռն քննարկվում էր: Հասկանալի է, որ խոսքն այն մասին է, որ մարդիկ պետք է փոխվեն: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի մասին:

– Գլխում եղած աղքատություն նշանակում է՝ ես պատասխանատու չեմ իմ կյանքի համար, տվեք ինձ աշխատանք: Իսկապես աշխատանք գտնելը դժվար է, բայց մարդը պետք է ստեղծի: Այո՛, չկա աշխատանք, բայց դու պետք է ստեղծես: Ես ծանոթներ ունեմ, ովքեր այստեղ չհամաձայնվեցին աշխատել, գնացին արտերկիր, աշխատում են օրական 16-17 ժամ, հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Դու եթե հայտնվես ԱՄՆ-ի նման մի դաժան երկրում կամ Եվրոպայում, չես կարող առանց աշխատելու ապրել: Այստեղ ասում են՝ գործ չկա: Գործ կա, այլ հարց է, որ այն գործը չկա, որը ես եմ ուզում:

Ուրեմն դո՛ւ ստեղծիր, մտածիր, քայլեր արա, առանց քայլերի ու գործողությունների ոչինչ չի լինում: Պատկերացրեք՝ ես այսքան աշխատում եմ, միշտ մտածում եմ՝ էլ ի՞նչ կարելի է անել: Ես երբեք անգործ չեմ նստել, որովհետև գտնում եմ, որ մարդը մինչև իր վերջին շունչը պետք է աշխատի: Մարդը ստեղծված է արարելու համար, ոչ թե նստի բազմոցին ու ասի՝ գործ չկա: Այլ հարց, որ մարդը հիվանդ է, ինչ-որ խնդիրներ ունի, նրանց մասին չէ խոսքը: Բայց եթե դու ոտք ունես, ձեռք ունես, խելք էլ ունես գլխիդ և 40-45 տարեկան ես, ոչ թե 80, ուրեմն բարի եղիր աշխատանք ճարել:

– Հիմնական քննադատությունն այն է, որ մարդիկ ասում են՝ նախ կառավարությունը թող մարդկանց աշխատելու հնարավորություն, աշխատատեղեր ստեղծի, հետո պահանջի աշխատել:

– Բայց ի՞նչ հնարավորություններ ստեղծի: Իմիջիայլոց ասեմ՝ Ամերիկայում ոչ մեկը հնարավորություն չի ստեղծում: Ձեզ թվում է՝ այնտեղ բոլորը լա՞վ են ապրում, դուք գիտե՞ք ինչ դաժան կյանքով են ապրում: Բայց ինչո՞ւ է այդպես, որ այն մարդը, ով այստեղ չի աշխատում, գնում է այնտեղ ու աշխատում է: Այսինքն՝ այն մարդը, ով երիտասարդ է, առողջ է, բայց մտածում է, թե իր համար ինչ կանեն, այդ մարդու գլխի մեջ միայն աղքատություն է, մուրացկանի հոգեբանություն:

– Կա տեսակետ, որ մարդկանց գիտակցված հասցրել են այդ վիճակի, օրինակ՝ վարչապետն էլ ասաց, որ նախկին իշխանությունների օրոք մարդկանց գիտակցված աղքատ են պահել, որպեսզի ընտրակաշառքով վերընտրվեն: Հե՞շտ է փոխել այդ վիճակը:

– Իհարկե դա եղել է: Ժողովրդի կոդը փոխում են, բա 25-30 տարի մենք ընկանք այդպիսի ոլորապտույտի մեջ: Այնքան շատ էր անարդարությունը, մարդը կոպեկներով էր աշխատում: Իրենք ասում էին՝ դուք այսպիսին պետք է լինեք, հիմա այս մարդն ասում է՝ ես ձեզ տալիս եմ հնարավորություն: Պետք է փոխվել, բայց այսօր հետևյալ հոգեբանությունն է՝ ես գործ չունեմ, դու ես մեղավոր: Եվ մեղավորներ են փնտրում, դա աղքատ մարդու հոգեբանություն է: Մարդը աղքատ է, որովհետև իր ոչ մի գործողության համար պատասխանատվություն չի ուզում կրել:

Այսինքն՝ մարդը կարծում է, որ չպետք է աշխատի, ներդրում չպետք է անի, բայց դու պարտավոր ես իրեն օգնել: Դա վարչապետը չի ասել, որ աղքատությունը ուղեղների մեջ է, նրանից առաջ այդ մասին շատ հանճարեղ մարդիկ են ասել: Եվ դա մի ուղղություն է եղել, թե ինչպես մարդկանց փրկել աղքատությունից: Մարդը պետք է իմանա, որ պատասխանատու է իր աշխատանքի, կյանքի ու նաև առողջության համար:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am