Միացյալ Նահանգները հասկացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որ պաշտոնական Կիևը պետք է ընդունի ԱՄՆ-ի կողմից մշակված շրջանակային փաստաթուղթը՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Փաստաթղթով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի իր տարածքի և զինանոցի որոշ հատվածից։ Այս մասին Reuters-ին են փոխանցել թեմային ծանոթ երկու աղբյուր, որոնք խնդրի զգայուն լինելու պատճառով ցանկացել են մնալ անանուն։
Reuters-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջարկում ներառված է նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատման հարցը։ Նրանք նշել են, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի ուկրաինական կողմն ընդունի առաջարկի հիմնական դրույթները։Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում գրել է, որ Վաշինգտոնը «շարունակելու է մշակել պատերազմի ավարտին ուղղված պոտենցիալ գաղափարների ցանկը»։
«Բարդ և մահաբեր պատերազմի դադարեցումը պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների լայն փոխանակում։ Կայուն խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների», – նշել է Ռուբիոն։
Ավելի վաղ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել էր, որ Կիևը «ազդանշաններ» է ստացել պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի մի շարք առաջարկների մասին, որոնք Վաշինգտոնը քննարկել է Ռուսաստանի հետ։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան որևէ մասնակցություն չի ունեցել այդ առաջարկների նախապատրաստմանը։
Զելենսկին, որը նոյեմբերի 19-ին բանակցություններ էր վարում Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նոյեմբերի 20-ին Կիևում նախատեսում է հանդիպել ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների հետ։



















