«Եթե այս անգամ էլ չաշխատեն, ձախողեն, Նիկոլը վերջնականապես հրաժեշտ կտա իշխանությանը». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

-Ձեր կարծիքով՝ նոր լեգիտիմություն ստանալով՝ արդյոք իշխանությունը կփորձի՞ ուղղել իր բացթողումները, հատկապես վեթինգի մասով, որի խոստումը տրվեց ու չարվեց: Ռուստամ Բադասյանը հավաստիացնում է, որ համակարգային վեթինգ են անելու:

-Իշխանության հավաստիացումները շատ ենք լսել, ես վստահ չեմ, որ իրենք դա կանեն, չեմ կարող ասել: Ես այսօր լսեցի, որ Բադասյանը խոսում էր խոր վեթինգի մասին, ես չեմ կարող երաշխավորել, որ դա իրականություն կդառնա: Ավելի շատ հակված եմ, որ չեն անելու:

-Այսինքն՝ եթե անելու լինեին, կանեի՞ն անցած երեք տարիներին:

-Ես չգիտեմ՝ ինչու իրենք չեն աշխատում: Ես մտածում եմ դրա մասին ու բացատրություն չեմ գտնում: Այս ընտրությունների ժամանակ, որ այդպես ինքնամոռաց խոստումներ էին տալիս, պողպատյա հեղափոխության մասին էին խոսում ու մուրճ էին ման տալիս հետները, դա դեռ ոչինչ չի նշանակում:

Ես միայն մի բան գիտեմ, որ իրենց որևէ մեկը չի հանդուրժի, եթե չաշխատեն: Եթե այս անգամ էլ ձախողեն, իրենց ոչ ոք չի հանդուրժի, ես սա վստահ եմ ասում, Նիկոլը վերջնականապես հրաժեշտ կտա իշխանությանը: Որովհետև բոլորը հիմա հենց դրա մասին են խոսում, միմյանց հարցնում են՝ ի՞նչ ես կարծում, աշխատելո՞ւ են, մի բան անելո՞ւ են, թե՞ ոչ: Եվ դա լցնում է համբերության բաժակը:

Պիտի աշխատեն, իրենք պարտավոր են աշխատել, իսկ եթե չեն աշխատելու, պետք է հեռանան: Իսկ եթե չհեռանան, ես վստահ եմ՝ ժողովուրդը կհեռացնի: Ես համարում եմ, որ սա իրենց վերջին շանսն է: Զոռբայությամբ իրենք չեն կարող առաջ գնալ:

Ժողովուրդն իրենց ընտրել է որպես չարյաց փոքրագույն: Ժողովրդին դրել էին մի իրավիճակում, որ պետք է ընտրեր վատի ու ավելի վատի միջև: Այնպես չէ, որ ժողովուրդը ոգևորված է ընտրել իրենց, դրա համար իրենք պարտավոր են կատարել այն, ինչի համար եկել են իշխանության: Երեք տարի խաբել են մարդկանց, հիմա պետք է աշխատեն:

-Հայտարարում են, որ օրենքի դիկտատուրա են ուզում հաստատել: Սա ինչպե՞ս եք գնահատում:

-Նախկինում էլի է Նիկոլը այդպիսի բաներ ասել: Երբ նա մուրճն առել էր ձեռքը, դա բացատրում էր որպես իրավական սիմվոլ, որը խփելու է սեղանին և օրենքներով, մետաղյա ամրությամբ աշխատելու է: Շատ լավ կլինի, որ ինքն իրեն հավատա:

Ես համարում եմ, որ եթե ինքն իրեն հավատա, գուցե սկսի աշխատել: Ինքը պետք է ժողովրդի առջև խոնարհվի ու հենց այդ պահին հիշի, որ ոչ մի բան չի արել, որ մարդիկ աղքատության ու անտերության մեջ են ապրում: Ժողովրդի հավատը, վստահությունը պետք է գնահատվի, բայց չի գնահատվում, ավելի վատ իրենց համար:

-Տիկին Ալեքսանյան, խնդրում եմ կմասնավորեցնե՞ք, օրինակ՝ դատական համակարգում այսօր ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն: Շատ են հնչում կարծիքներ, որ որոշ դատավորներ անկախ չեն, օրինակ՝ նրանց նկատմամբ ինչպե՞ս պետք է վարվել:

-Քոչարյանի թիմը շատ վստահ էր, որ իրենք վերցնելու են իշխանությունը: Ինձ հայտնի չեն պատճառները, թե ինչու էին այդքան վստահ: Եվ դատավորներն էլ, այսպես ոգևորված իշխանությունը մոտալուտ վերցնելու մտքից, նրա օգտին էին աշխատում: Այդ դատավորները չկայացած, անդեմ մարդիկ են, որոնք ապավինում են նրան, թե ով է գալու իշխանության:

Այդ մարդիկ, առաջնորդվելով իրենց շահերով, ոգևորվել էին ու չէին տեսնում, որ Քոչարյանն օբյեկտիվորեն մերժված է: Նա չի կարող ոչ մի դեպքում գալ իշխանության: Այն, ինչ իրենք երազում էին, տեղի չունեցավ:

Եթե Քոչարյանը գար իշխանության, պարզ է, որ այդ դատավորները վայելքի մեջ կլինեին և կշարունակեին ապրել այնպես, ինչպես ապրել են Քոչարյանի ժամանակ: Հիմա առանձնապես բան չի փոխվում, որովհետև այս թիմն էլ ոչինչ չի անում:

Չի անում այն քայլերը, որ այդ դատավորները հասկանան, որ իրենք ոչ Քոչարյանի համար են ապրում, ոչ էլ Նիկոլի: Իրենք էս երկրում են ապրում, էս ժողովրդի համար, մարդու համար: Ոչ ոք Աստված չէ, որ այդպես ապավինում են:

Ես ուրախ եմ իհարկե, որ նախկին մտածողությունը, հոգեբանությունը չվերադարձան: Չէր էլ կարող վերադառնալ, որովհետև մարդիկ ինչ-որ չափով փոխվել են, ազատության շունչը առել են:

Նույն Արարատ Միրզոյանը, որը դաժան ծեծի էր ենթարկվել, այս թիմը նույնիսկ իրենց ընկերոջը չկարողացավ պաշտպանել: Իրենց ընկերոջը, որին, ըստ էության, ոչ թե պարզապես ծեծել էին, այլ սպանել էին, իրենց թվացել էր, որ սպանել են:

Սա թասիբի հարց է, որ թույլ տան իրենց թիմակցի, իրենց 100 տարվա ընկերոջ հետ այդպես վարվել ու անպատիժ մնալ: Դա պետք է այն սթրեսը լիներ, այն ցնցումը լիներ, որ իրենք փորձեին դատական համակարգը փոխել: Եթե իրենց ընկերոջը խոշտանգողներին ոչինչ չեն անում, էլ մեր մասին ո՞նց պետք է մտածեն:

-Վանեցյանը երեկ հայտարարել է, որ երեք նախագահների ժամանակ թալանած գումարների մեծ մասը իր օրոք է վերադարձվել պետական բյուջե: Որքանո՞վ իր ասածն իրականության հետ աղերս ունի՝ հաշվի առնելով, որ նա հիմա համագործակցում է այդ երեք նախագահներից մեկի հետ:

-Վանեցյանն ինչ-որ երևակայական աշխարհում է ապրում. մեկ ասում է՝ թողնեն՝ կգնա գերիներին կբերի, մեկ հայտնվում է Ռամզան Կադիրովի հետ ֆոտոներում:

Այնպիսի տարբեր հարթություններ են: Այն, ինչ ինքն ասում է, պարզապես ծիծաղելի է, երևի չի պատկերացնում՝ ինչ է բարեփոխել դատական համակարգը, որ ինքը դա բարեփոխում է համարել: Ընդամենը իր մասին շատ մեծ կարծիք ունի պարոն Վանեցյանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am