Վարչապետին՝ անձեռնմխելիություն, գլխավոր դատախազին ու ԲԴԽ նախագահին՝ բացարձակ լիազորություններ. իրավաբանը՝ Սահմանադրության հայեցակարգի մասին

Հայաստանի արդարադատության նախարարությունը կարծիքներ և առաջարկություններ ստանալու նպատակով ՀՀ փաստաբանների պալատ է ուղարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների ամփոփ նկարագիրը։ 

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը այդ քննարկումներին ակտիվ մասնակցող փաստաբաններից է, «Մեդիալաբին» մանրամասնում է. «Ըստ այդ նկարագրի՝ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են լինելու պետության կառավարման ձևին, ընտրակարգին, օրենսդիր և գործադիր իշխանությունների ձևավորմանը»:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը ձևավորվել էր դեռևս 2020-ի փետրվարին: Նախորդ տարվա ընթացքում մասնագիտական հանձնաժողովը մշակել ու շրջանառության մեջ է դրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ: Փաստաթուղթն այժմ քննարկվում է մասնագիտական տարբեր շրջանակներում: 

Նախագծի նախնական ուսումնասիրությունը փաստաբանին հիմք է տվել եզրահանգել. «Ներկայացվածը պետք է անվանել ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ պարզապես փոփոխություններ, քանի որ բարեփոխման որևէ միտում նկատելի չէ»։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առավել նպատակահարմար է համարվում պահպանել խորհրդարանական կառավարման մոդելը՝ համամասնական ընտրակարգով, ինչպես այսօր է:

Հայեցակարգում իրավաբանը առանձնացնում է սահմանադրական մակարդակում վարչապետին անձեռնմխելիությամբ օժտելու հնարավորությունը: 

«Վարչապետին անձեռնմխելիություն տրամադրելու առաջարկի վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Եթե սահմանադրական այլ կառուցվածքային փոփոխությունների մասով քիչ թե շատ հիմնավորումներ ներկայացվում են, ապա բուն վարչապետի մասով ողջամիտ որևէ պատճառաբանություն չկա»,- նշում է Հովհաննիսյանը:

Հարցին, թե, այդուհանդերձ, իր կարծիքով՝ ինչո՞ւ է առաջարկվում ՀՀ վարչապետին օժտել անձեռնմխելիությամբ, Հովհաննիսյանը արձագանքում է. «Քանի որ ողջամիտ հիմնավորումներ չեն ներկայացվում, ապա կարող եմ ենթադրել, որ ստեղծվում են օրենքի ուժով պաշտպանության ամուր մեխանիզմներ, որոնք գործելու են նաև հետագա իշխանության դեպքում՝ ապահովելով քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունները»:

Մյուս հարցին՝ անձեռնմխելիության ինստիտուտի ներդրման հարցում արդյոք ինքնապաշտպանության ենթատեքստ տեսնո՞ւմ է, մասնագետը պատասխանում է. 

«Իմ ասածն էլ հենց դա է։ Սահմանադրությունը կապված չէ կամ չի կարող կապված լինել գործող իշխանության հետ։ Հիմա եթե այդ մասով Սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ, ապա անգամ եթե այս իշխանությունը հեռանա, դժվարանալու, եթե ոչ՝ անհնարին է դառնալու վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկելը՝ անձեռնմխելիության առանձնահատկությամբ պայմանավորված»:

Հիշեցնենք՝ դեռևս 2020 թվականի հուլիսին մասնագիտական հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի, կոնկրետ քաղաքական թիմի պատկերացումներն սպասարկելու հետ»:

Ինչ վերաբերում է դատական համակարգում հնարավոր փոփոխություններին, ապա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկել է ստեղծել Գերագույն դատարան՝ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների ձևափոխման արդյունքում: Բացի այդ, փոփոխությունների է ենթարկվելու նաև դատախազական համակարգը՝ թե՛ կառուցվածքային և թե՛ գործառութային իմաստով։ 

«Գերագույն դատարանի առաջին կազմի ձևավորման հնարավորությունն ընձեռվում է Բարձրագույն դատական խորհրդին, որը որոշում է կայացնում՝ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված՝ դատավորի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը։

Այսպիսով, ԲԴԽ-ին է վերապահվում բացարձակ լիազորություն՝ փոփոխելու Սահմանադրական դատավորների ներկա կազմը և նորաստեղծ Գերագույն դատարան ուղարկել ցանկալի դատավորների։ Այլ կերպ ասած, առաջարկվող փոփոխությամբ իշխանությունը լուծում է անհաճո դատավորներից ազատվելու խնդիրը»,- նշում է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով դատախազական համակարգի փոփոխություններին, Հովհաննիսյանի խոսքով, առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսել գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցման հիմքերը և սահմանել դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ավելի բարդ կարգ:

«Այս մասով որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացվում, որից ենթադրվում է, որ նախագծի միակ նպատակը գլխավոր դատախազին սահմանադրորեն պաշտպանելով նրան գործելու անսահմանափակ հնարավորությունների տրամադրումն է՝ հետագայում որևէ անօրինականության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու շանսերի նվազեցմամբ»,- ընդգծում է նա։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am