Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են նամականիշի մարմամբ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են նամականիշի մարմամբ
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են նամականիշի մարմամբ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի 2019 թվականի փետրվարի 19-ին: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կնշանավորվի բազմաթիվ ու տարաբնույթ միջոցառումներով, որոնք կանցկացվեն Երևանում, Դսեղում և Թբիլիսիում:

Ս. թ. փետրվարի 18-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյան 150-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի մարման արարողությանը  մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը՝ իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Հաջորդիվ տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի մեկնարկային միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս: Մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով նախատեսված միջոցառումներին նշել է, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված հանրային միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 19-ին` գրողի ծննդյան օրը. ժամը 11:00-ին Թումանյանի թանգարանում, իսկ ժամը 12:00-ին` ծննդավայր Դսեղում /Լոռու մարզ/  կսկսվի տոնական բազմազան միջոցառումներ, որոնց ներկա կգտնվի նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը:

«Թումանյանի 150-ամյակը մենք պարտավոր են նշել պատշաճ մակարդակով, ուստի ես ուզում եմ կոչ անել լրագրողներին, մանկավարժներին, որպեսզի հասարակության բոլոր շերտերը  ներգրավվեն հոբելյանական միջոցառումներին: Թումանյանը գրել, ստեղծագործել և արարել է բոլորի համար: Նրա թողած գրական ժառանգությունը մեր  ոսկե ֆոնդի արժեքավոր մասն է և  պետությունը մեծ կարևորություն է տալիս Թումանյանի հոբելյանական տարվան: Հատուկ ուզում եմ հորդորել ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին և ծնողներին, որ հնարավորություններ ստեղծեն, որպեսզի աշակերտները լիարժեք մասնակցեն Թումանյանի 150 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Թումանյանի 150 ամյակը մեզ համար մեծ տոն է` մայրաքաղաքն արդեն զարդարված է  դրոշներով, թումանյանական էպիզոդներ պատկերող պաստառներով, Թումանյանը մեզ նայում է էկրաններից, մի խոսքոով` Թումանյանն ամենուր է»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք համակարգված ներկայացնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Հովհաննես Թումանյան – 150» էջը: Տոնական միջոցառումներ են նախատեսված նաև Թբիլիսիում, որոնց ներկա  կգտնվի  նաև ինքը` նախարար Հարությունյանը: ԿԳ նախարարի տեղեկացմամբ` այս տարի լրանում է նաև Կոմիտասի 150 ամյակը, որի հոբելյանական ծրագրի մասին կիրազեկվի լրացուցիչ: Արայիկ Հարությունյանը նաև տեղակացրել է, որ Թումանյանի 150 ամյակին նվիրված հոբելյանական մրջոցառումներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-19 թվականների օրացույցում:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Մեծ սիրով ու հպարտությամբ, հատուկ ակնածանքով ենք ազդարարում ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական միջոցառումների մեկնարկը:   Հոբելյանական միջոցառումները կլինեն տարաբնույթ, և համընդգրկուն կերպով կանդրադառնան Թումանյանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը: Այս միջոցառումների գերակշիռ մասի կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Հովհաննես Թումանյանի թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը: Բացի այդ, ողջ տարվա ընթացքում միջոցառումների շարք կիրականացնեն նաև նախարարության ենթակայությամբ գործող մյուս ՊՈԱԿ-ներն ու այլ կազմակերպություններ»:

Մամուլի ասուլիսի ընթացքում Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ներկայացրել են հոբելյանական ծրագրի մանրամասները:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի տեղեկացմամբ` փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին շեփորահարները կազդարարեն հոբելյանական  միջոցոռումների սկիզբը, որոնք կշարունակվեն մինչև երեկո: Միջոցառումները շարունակվելու են ներսում և դրսում միաժամանակ. դրսում կլինի համերգային ծրագիր, իսկ ներսում` տեղի կունենա թումանյանական կենդանի էքսպոզիցիայի ցուցադրություն, որը Հայաստանի թանգարանային  կյանքում նորություն է. «Առաջին փորձն է կենդանացնելու  թանգարանի էքսպոզիցիան. ժամը 11-ից մինչև 17-ը կներկայացնենք թումանյանական կերպարները: Իսկ դրսում ժամը 13:30-ին կսկսվի համերգային ծրագիր: Փետրվարի 19-ի տոնական միջոցառումների շարքում է նաև «Անուշ» օպերայի բեմադրումը թանգարանում` հարմարեցված թանգարանային միջավայրին»,- նշել է Անի Եղիազարյանը և հավելել, որ օպերային ներկայացումը տարվա  ընթացքում մի քանի անգամ կրկնվելու է, որպեսզի շատերը կարողանան  ունկնդրել «Անուշի» յուրօրինակ բեմականացումը: Փետրվար 19-ին՝ տոնական հրավառություն` «Ալմաստ» օպերայի հնչյունների ներքո:

ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի տեղեկացմամբ` ողջ տարվա ընթացքում Թումանյանի թանգարանը հոբելյանական միջոցառումների շրջանակում հանդես է գալու տարբեր նախաձեռնություններով՝ օլիմպիադա, թումանյանական ընթերցումներ, գիտաժողով և այլն: Նախատեսվում է Թումանյանի հատորյակի նոր հրատարակություն, որի առաջին երկու հատորներն արդեն հրատարակվել են: Նոր հատորյակում տեղ են գտնելու նաև ամենայն հայոց բանաստեղծի անտիպ գործերը: Նախապատրաստվում է նաև Հովհաննես Թումանյանին ուղղված նամակների հրատարակում:

Կից՝ հոբելյանական միջոցառումների մեկնարկի ծրագիրը: