«Գրեթե բոլոր հյուրանոցներում, որտեղ այցելեցինք, կարծես գոհ չէին, որ իրենց մոտ այցելու է եկել». Զարմինե Զեյթունցյանն ասում է, որ պետք է մոտեցումը փոխել

«Մեդիալաբի» հարցազրույցը Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ, անկախ խորհրդատու Զարմինե Զեյթունցյանի հետ

– Տիկի՛ն Զեյթունցյան, ձեր Ֆեյսբուքի էջում որոշ դժգոհություններ էիք արտահայտել հայաստանյան հյուրատների մատուցած ծառայությունների որակից։ Ի՞նչն էր ձեզ մտահոգել։

– Առաջին անգամը չէ, որ մտահոգություն եմ հայտնում։ Երբ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ էի, ամեն շաբաթ-կիրակի ճանապարհորդում էի մարզերով, որպեսզի նաև ավելի մոտիկից տեսնեմ ու հասկանամ իրավիճակը։ 

Իսկ երեկ որպես հաճախորդ էի գնացել, որպես սպառող և քանի որ ԱՄՆ-ում աշխատելիս հաճախորդների հետ երկար տարիների աշխատանքի մեծ փորձ ունեմ, խնդրին ավելի շատ նայում եմ որպես մասնագետ։ Ես միշտ արտահայտել եմ իմ մտահոգությունները, բայց նման մակարդակի վերաբերմունք ընդհանրապես չեմ տեսել։ 

Նախ ասեմ, որ Դիլիջանի բոլոր հյուրանոցները լեցուն էին, տեղ չկար, այսինքն՝պահանջարկը կա, և քանի դեռ պահանջարկը կա, գնային քաղաքականության մասին խոսելն անիմաստ է։ 

Բայց գնին համապատասխան ծառայություն մատուցել ես՝ որպես սպառող, պահանջում եմ։ Ինձ անհանգստացրեց սպասարկումը, առաջին հերթին՝ հյուրին դիմավորելու մշակույթի բացակայությունը:

Գրեթե բոլոր հյուրանոցներում, որտեղ այցելեցինք, կարծես գոհ չէին, որ իրենց մոտ այցելու է եկել։ Հյուրանոցներից մեկում հարցնում ենք՝ մենեջերն ով է, հեռվում կանգնած նայում է, պատասխանում՝ ես եմ ու նույնիսկ չի մոտենում։ Հետո մոտեցավ։ 

Ինֆորմացիան պետք է նրանց բերանից աքցանով հանես, չեն խոսում, չեն ներկայացնում։ Մի քանի ավելորդ, բայց քեզ համար շատ կարևոր հարց ես տալիս, սկսում են նեղսրտել, անբարյացակամ արձագանքել։ Մայրս մի քայլ այն կողմ գնաց, մի տղա հետևից գնաց ու հարցրեց՝ ուր եք գնում։ Դա ուղղակի անընդունելի է զբոսաշրջության մեջ։ 

Մինչդեռ կարելի էր ասել՝ ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։ Ասեմ, որ նույն խնդիրն ունեցել եմ Երևանի ամենաբարձրակարգ հյուրանոցում՝ երբ մտնում ես, ու քեզ ասում են՝ ուր եք գնում։ Մեծ աղմուկ եմ բարձրացրել։ Դա անընդունելի մոտեցում է։ 

Կներեք, նախորդ ասածիս մեկ հանգամանք էլ ավելացնեմ՝ մյուս խնդիրը ճարտարապետությունն ու դիզայնն է՝ այդ հյուրանոցներից որևէ մեկը տրամաբանական դիզայն չունի։ Այսինքն՝ կարծես տնեցիք հավաքվել ու ճարտարապետական են նախագիծ են գծել, դիզայնն են արել, տանը մնացած ինչ կահույք կա, բերել դրել են սենյակներում։ 

Տարբեր սենյակներ ունեն տարբեր ոճեր, որոնց մեջ տրամաբանություն չկա։ 

Պատշգամբների բացակայություն, շատ տեղերում՝ ընդհանուր պատշգամբներ, բնության գրկում բնությանը ոչ համահունչ շինություններ, էտած ծառեր, մինչդեռ, օրինակ՝ Վրաստանի Lake Lopota-ում ծառ կտրված չէր, և այդ շինությունները բնության հետ ներդաշնակության մեջ են։ 

Այդ կառույցների ճարտարապետության մեջ չկա էրգոնոմիկա, որը գիտություն է մարդուն հարմար պայմաններ ստեղծելու մասին․ ճաշարանը մի տեղ է, համարդ՝ մեկ այլ տեղ, աստիճաններով վերև-ներքև պետք է անես, այսինքն՝ քեզ միշտ տանջում ես՝ քո նպատակակետին հասնելու համար։ 

Չկա տարածքային մտածողություն։ Եթե ես գնում եմ Գորիս ինչ-որ մեկի տանն ապրելու, ես նման սպասումներ չեմ ունենա, բայց երբ գնում եմ կոմերցիոն հոթել, որտեղ միլիոնավոր դրամներ են ներդրվել, և որտեղ ծառայության դիմաց մեծ գումարներ են պահանջում, բարձրանում է նաև սպասելիքների մակարդակը։ 

Սակայն Հայաստանում ինչպե՞ս է․ նման հյուրանոցների ճարտարապետության վրա հիմնականում մասնագետներ չեն աշխատում։ Ես կոմիտեի նախագահ եղած ժամանակ Վանաձորում հանդիպեցի մի ներդրողի, որը պատմեց՝ ինչեր պետք է անի, բայց նրա ծրագրերում չկար դիզայների ու ճարտարապետի հետ աշխատելու մտադրություն։ 

Ասաց՝ էդ ամբողջն իմ գաղափարն է։ Ես իրեն ասացի՝ եթե ձեր տղայի կույրաղիքը պայթի, դուք վիրաբո՞ւյժ եք կանչելու, թե՞ վիրահատությունը դուք եք անելու։ Մեր՝ հայերիս մեծամտության ու անգրագիտության համադրությունը մի մեծ ռումբ է։ Չէ՞ որ ճարտարապետությունը գիտություն է։

– Ինչո՞ւ է նման վիճակ, ի՞նչն է խնդիրը։ Դուք էլ 2 տարի ղեկավարել եք կոմիտեն, բայց կարծես հնարավոր չի եղել փոխել, չէ՞ որ դա նոր բան չէ։

– Իհարկե փնովելը շատ հեշտ է, հասկանում եմ։ Իրավիճակը շատ գլոբալ փոփոխությունների կարիք ունի։ Ինձ էլի արդարացի հարցադրում էին հնչեցրել՝ իմ կողմից ոլորտը ղեկավարելու մասին։ 

Այո՛, այն ժամանակ էլ եմ հարցերը բարձրաձայնել և նաև լուծումներն եմ առաջարկել, նաև լուծումների ճանապարհին էինք։ Այս հարցերի լուծումները ես բարձրաձայնել եմ, դրանք մեծ ներդրումներ են պահանջում, չես կարող ընդամենը երկու տարի լինել ոլորտի ղեկավար ու նման հսկայական խնդիրներ լուծել։ Երկու տարում բարձրաձայնեցինք այնքան, որ լսելի դառնա, և հարցի լրջությունը ընկալվի։ Հետևյալ լուծումներն եմ առաջարկել։ 

Առաջնային լուծումը մաստեր պլանի կազմումն է, որը զբոսաշրջային գոտիների դասակարգումն է։ Դրա վրա աշխատում են՝ զբոսաշրջության մասնագետ, սպառողի հոգեբանության մասնագետ, տարածքային ճարտարապետ, շենքային ճարտարապետ և դիզայներ։ 

Նրանք բոլորը պետք է հասկանան՝ տվյալ տարածքում ի՞նչ հանգստավայրեր ու որ գոտիներում պետք է լինեն, ինչպիսի՞ն պետք է լինեն շենքային պայմանները, և որքա՞ն մարդ պետք է լինի, որ էկոհամակարգը չվնասվի։ 

Ապա գալիս է ճարտարապետների գործը՝ կառույցն ինչպիսի տանիք պետք է ունենա՝ թե՞ք, թե՞ ուղիղ, ի՞նչ նյութ ունենա տանիքը և այլն։ Օրինակ՝ մենք՝ հայերս, տարօրինակ սովորություն ունենք բնության ամենագեղեցիկ տարածքներում կառուցել ծմակներ, մութ-մութ, լինի միայն փոքրիկ պատուհան, որ ոչինչ չերևա։ 

Հասկանում եմ՝ դարերով թշնամիներից ենք պաշտպանվել, պետականություն չենք ունեցել, հնարավորինս քիչ լինենք տեսանելի աշխարհին, օբյեկտի մտածողություն ունենք՝ տղերքով հավաքվենք, մեզ ոչ ոք չտեսնի։ Ճարտարապետական լուծումներ են անհրաժեշտ, և մայր բնությունից քեզ կարող էր անջատել ապակին, այլ ոչ թե քարը։ 

Հայաստանի շուրջ 30 գոտու համար մաստեր պլանի մշակումն ու իրագործումը մոտ 3 մլն դոլարի ներդրում է պահանջում։ Այդ հարցը չի լուծվում, որովհետև պետությունը երևի դեռ չի գիտակցել սրա կենսական անհրաժեշտությունը, և այլ առաջնահերթություններ ունի։ 

Կարծում եմ՝ ճաշակը պետք է թելադրվի վերևից։ Կոմիտեն ուզում է 500 աշխատող ունենա, ի վիճակի չէ այդ հարցը լուծելու։ 

Ինչ վերաբերում է ծառայությունների որակին, ապա Հայաստանում շատ թրեյնինգային կենտրոններ կան, բայց հյուրանոցների հիմնադիրները նախընտրում են աշխատանքի ընդունել իրենց բարեկամ-ծանոթներին, որոնք հիմնականում ոլորտային կրթություն չունեն։ 

Քանի դեռ հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը չի կարգավորվում պետության կողմից, ապա պահանջներ ներկայացնելն անիմաստ է։ Երբ կարգավորվի, ապա հյուրանոցների առջև դրված պայմաններից մեկն էլ կարող է լինել միայն վերապատրաստված անձանց աշխատանքի ընդունել։ 

Եթե գումար ես ներդնում շինարարության մեջ, ապա պետք է նաև գումար ներդնես մարքեթինգի, ճարտարապետության, դիզայնի մեջ ու աշխատողին կրթելու մեջ։ Հայաստանում ամեն ինչի մեջ դնում են, բացի վերջին չորս ոլորտներից։

– Տիկի՛ն Զեյթունցյան, գուցե հաճախորդներին դա այդքան էլ չի հետաքրքրում, որ իրավիճակը չի փոխվում։ 

– Չի կարող պահանջարկ չլինել, պարզապես չի կարող։ Ի վերջո, արտերկրից Հայաստան է գալիս, այսպես ասած, կյանք տեսած զբոսաշրջիկ։ Եթե առաջ հիմնականում խմբերով էին գալիս, և այստեղ հյուրերին ընդունող զբոսավարն ամբողջ մուննաթն իր վրա էր վերցնում, հիմա ավելի շատ աշխարհում ավելանում է անհատ զբոսաշրջիկների թիվը։ 

Եվ առանց զբոսավարի ժամանողները առնչվելու են իմ նշած բոլոր խնդիրներին։ Տեղացի զբոսաշրջիկներս սովոր ենք նման վերաբերմունքին, բայց դա անընդունելի է։ 

Ես ԱՄՆ-ում երկար տարիներ աշխատել եմ հաճախորդների սպասարկման մասնագետ, անցել եմ այնպիսի թրեյնինգներ, որոնց արդյունքում իմ ժպիտը դեմքիցս երկար տարիներ չէր իջնում, նույնիսկ հայրս ասում էր՝ դու անընդհատ կարծես աշխատանքի լինես, և հաճախորդին ժպտալը դառնում է քո ԴՆԹ կոդի մի մասը։ 

Նաև իմ անձնական բիզնեսն եմ ունեցել, որտեղ հենց անհատ հաճախորդների հետ եմ շփվել, գործ եմ ունեցել քմահաճ հաճախորդների հետ։ Այդ գործի մեջ եղել եմ անդադար, դրա համար հիվանդագին եմ վերաբերվում դրան։ 

Կրկնում եմ՝ այսօր մենք սկսում ենք գործ ունենալ անհատ զբոսաշրջիկի հետ և պարտավոր ենք նրան պատշաճ ծառայություն մատուցել։ Զբոսաշրջությունը քաղաքականություն է, և պետք է այնպես անենք, որ Հայաստանից մարդը գնա՝ հարգելով ու սիրելով մեզ։ 

Ես զբոսաշրջությանը չեմ նայում որպես տնտեսական աճի գործոնի, նայում եմ առաջին հերթին որպես քաղաքականության, որը գումար է բերում։

– Դուք հետևո՞ւմ եք ոլորտում իրականացվող քաղաքականությանը, ձեր նկարագրածի ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են։

– Կարծում եմ՝ Զբոսաշրջության կոմիտեն այդ բոլոր խնդիրներին քաջատեղյակ է և աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ։ Տեղյակ եմ, որ Զբոսաշրջության կոմիտեն ներքին զբոսաշրջությունը զարգացնելու ծրագրեր ունի։ 

Գիտեմ, որ զբոսավարների լիցենզավորման հետ կապված աշխատանքներ տարվել են։ Ինչ վերաբերում է հյուրանոցներին, կրթական բաղադրիչին, որևէ նորություն չեմ կարդացել։ Մաստեր պլանի հետ կապված ոչինչ չի արվում, քանի որ դա պահանջում է մեծ գումար և երկարատև բանակցություններ:

– Հիմա համավարակ է, և ոլորտը զգալի տուժել է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարելի է անել, որ այն ոտքի կանգնի։

– Այս համավարակը կարելի էր օգտագործել մեր բնակչությանը ցույց տալու մեր երկրի հարստությունը։ Հայաստանն ավելին է, քան պատմական հուշարձանները և գեղատեսիլ բնությունը։ 

Հայաստանը կենդանի ավանդույթներն ու այն մարդիկ են, որոնք ապրում և ստեղծում են համայնքներում և շարունակում են մեր նախնիների գեղարվեստական ժառանգությունը: 

Մենք պետք է փորձենք ցույց տալ՝ ովքեր են ապրում մեր մարզերում, ինչ ստեղծագործ մարդիկ կան, ինչ մաստեր կլասներ կարող են անցկացնել՝ խոհարարականից, արհեստագործականից սկսած։ 

Շատ մեծ մարդկային հարստություն ունենք Հայաստանում։ Ճիշտ ժամանակն է առանց ագրեսիվ մարքեթինգի, խաղաղ և տեղեկատվական տոնայնությամբ ցույց տալ, տեղեկացնել ու ներկայացնել մեր մարզային հարստությունները։ 

Հիմնական մեսիջը պիտի լինի՝ մենք այստեղ ենք ու սպասում ենք ձեզ։ Աքսիոմ կա՝ երբ ժամանակները լավ են, գովազդելը ցանկալի է, երբ ժամանակները վատ են, գովազդելը պարտադիր է։ 

– Հիմա դուք ինչո՞վ եք զբաղվում, չե՞ք ափսոսում, որ համակարգում չեք։

– Հա, իհարկե ափսոսում եմ։ Շատ կուզեի համակարգում լինել, շարունակել իմ աշխատանքը, որովհետև շատ կիսատ բան կար մնացած։ Բայց դա իմ որոշելիքը չէր։ 

Բայց ես նույն ոլորտում կամ, անկախ խորհրդատու եմ, դասավանդում եմ Ամերիկյան համալսարանում, Սլավոնական, Ֆրանսիական համալսարաններում, մարքեթինգի խորհրդական եմ «Իմ Հայաստան» ծրագրում։ 

Օրինակ՝ հենց հիմա Կոտայքի մարզի զբոսաշրջային ասոցիացիան ստեղծելու հետաքրքիր գործի մեջ ենք։ Այսինքն՝ նորից իմ գործը շարունակում եմ, որովհետև 10 տարի է՝ Հայաստանում եմ, եկել եմ իմ գիտելիքները փոխանցելու։ Նաև համագործակցում եմ Զբոսաշրջային կոմիտեի հետ, եթե հարցեր են լինում, որովհետև կարծում եմ՝ պետականաշինությունն այնպիսի գործ է, որին պետք է բոլորս մասնակցենք՝ անկախ նրանից՝ համակարգում ենք, թե համակարգում չենք։

Հասմիկ Համբարձումյան 

MediaLab.am