«Մեդիալաբի» հարցազրույցը «Ես և իմ հայրենիքը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանի հետ
– Տիկի՛ն Մկրտչյան, դուք «Ես և իմ հայրենիքը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավարն եք։
Ինչպես գրականության, այնպես էլ այս խմբի առարկաների չափորոշիչները բուռն քննադատության են ենթարկվում։ Կներկայացնե՞ք այս բարեփոխումներով ինչ եք առաջարկում դպրոցին։
– Հասարակություն և հասարակական գիտություններ առարկայական խմբի ծրագրերի նախնական փաստաթղթի մշակման աշխատանքներին սկսել եմ մասնակցել հոկտեմբերից, երբ արդեն ձևավորված, հաստատված ու գրված էր հանրակրթական պետական չափորոշիչների մայր փաստաթուղթը, որի հիմնական դրույթների հիման վրա կազմվել են հետագա առարկայական ծրագրերը։ Այսինքն՝ ես արդեն սկսել եմ մասնակցել այն ժամանակ, երբ արդեն այդ դրույթները որոշված էին։
– Այսինքն՝ դուք նորամուծությունների հեղինակ չեք։
– Ես նոր մոտեցումներ ինքս ինձնից չեմ կարող հնարել, որովհետև դրանք լուրջ հետազոտությունների հիման վրա ստեղծված մեթոդական մոտեցումներ են, որոնք դրված են այսօր աշխարհի կրթական լավագույն համակարգերի հիմքում։
Պետությունը նախնական փաստաթուղթը ստեղծելու գործընթացում ունեցել է իր սկզբունքները։ Իրականում կրթության փիլիսոփայության մեջ մոտեցումներ են փոխվել նախորդի համեմատ, բայց այդ փուլում ես մասնակից չեմ եղել։ Ես եկել եմ և ինչ-որ կատարված փուլի հիման վրա առարկայական դաշտ եմ տեղափոխել։
– Լավ, ի վերջո որո՞նք են գործող և ակնկալվող չափորոշիչների տարբերությունները։
– Առաջարկվող չափորոշիչները, ենթադրում ենք, որ պետք է հիմնված լինեն անձի կարողունակությունների, կոմպետենցիաների վրա, որից էլ հետո բխեցվում են վերջնարդյունքները։
Տարբերությունն այն է, որ եթե նախորդ կամ գործող չափորոշիչները կառուցվում էին բովանդակության վրա, ապա այժմ դրանք կառուցվում են կոմպետենցիաների ու վերջնարդյունքների վրա։
Ցանկացած դպրոց՝ մասնավոր, հանրակրթական և հեղինակային ծրագրերով, ինքն իր ծրագիրը գրում, համապատասխանեցնում է արդեն ընդունված կոմպետենցիաներին ու վերջնարդյունքներին ու ներկայացնում հաստատման։ Այսինքն՝ բովանդակության հետ կապված այս խոսակցությունները դուրս են թեմատիկ դաշտից, որովհետև մեզ համար կարևորը վերջնարդյունքներն են։
Եվ ամենակարևորը՝ վերջնարդյունքները գործող վերջնարդյունքների համեմատ չափելի են․ գործող վերջնարդյունքները չափելի չեն և ընդհանրական են։
Այս անգամ ընդհանուր որոշում է կայացվել, որ դրանք տարբերվեն գործողից և լինեն չափելի, որոնք պետք է ապահովեն կապը բովանդակության հետ՝ վարժություններով, գործողություններով, որոնք կգնահատվեն։ Այսինքն՝ սա մի շղթա է, որն արտահայտվում է այսպես՝ բովանդակություն, գործողություն, գնահատում և վերջնարդյունք։
Այս ամենը միմյանց հետ պետք է կապ ունենան։ Այդ չափելիության լավ կողմը հենց դա է։ Վերջերս շատ եմ լսում քննադատություն, թե չափորոշիչներում չկա «հայրենասիրություն» բառը։
Եթե իմ շատ հարգելի գործընկերներից որևէ մեկը ինձ կասի, կնկարագրի՝ ինչ է հայրենասիրությունը, ինչպես մենք պետք է այն չափենք, ու կտա այն գործիքը, որ ես կչափեմ ու կասեմ՝ ա՛յ այս մեկը ավելի շատ հայրենասեր է, մյուսը՝ պակաս հայրենասեր, մեծ սիրով կընդունենք այդ առաջարկը։
Առարկայական ծրագրերի բովանդակային պատասխանատուն ես չեմ, ես միայն համակարգում եմ թիմի աշխատանքը։ Թիմում 11-ն ենք, և այս աղմուկի արդյունքում կասկածի տակ է դրվում այս մարդկանց արհեստավարժ լինելու հանգամանքը։
– Ի դեպ, ովքե՞ր են նրանք, ի՞նչ մասնագետներ են։
– Կրթության համակարգի անկախ փորձագետներ են։ Նրանցից երկուսը Կրթության ազգային ինստիտուտի նախկին ներկայացուցիչներ են, որոնք տարիներ շարունակ համակարգել են հենց առարկայական մասնագիտական ծրագրերը՝ «Հայոց պատմության» և «Համաշխարհային պատմության»:
Խմբում կան համալսարանի դասախոսներ, դոցենտներ և ուսուցիչներ, որոնք անմիջական կապ ունեն դպրոցների հետ։ Հասարակագիտության բաժնում փորձառու մասնագետներ են, որոնք նույնպես նախորդ չափորոշիչների մշակման աշխատանքներում են եղել։
Կարծում եմ՝ այս մարդկանց կատարած աշխատանքը նախկինում, ներկայում ու ապագայում արժանի է մեծ գնահատականի։
– Այս չորս առարկաների վերաբերյալ քննադատությունները շատ են։ Խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ հիմնական փոփոխություններ են կատարվել։
– Մեր ապագայի հանրակրթության մոտեցման հիմքը ինտեգրման ճանապարհն է՝ այսինքն՝ առարկաները ավելի ինտեգրված են ներկայացված։
Եթե նախորդ չափորոշիչների հեղինակներին շատ մեղադրում էին, որ տարբեր դասարաններում կան թեմաների կրկնություններ, ապա այս փուլում փորձել են հնարավորինս համախմբել այդ ամենը և ներկայացնել մեկ ընդհանրության մեջ, որպեսզի աշակերտի համար թյուրիմացությունների առիթ չստեղծվի։
Մենք սկսում ենք 5-րդ դասարանից և ներկայացնում ենք նոր առարկա՝ «Ես և իմ հայրենիքը», որը հենց ինտեգրված ու հումանիտար առարկաների հիմքում ընկած մի առարկա է։
Աշակերտն սկսում է իրենից՝ ով է ինքը, հասկանում է իր «ես»-ի մասին, այնուհետև շրջապատն է ուսումնասիրում, սեփական համայնքը, երկիրը, պետությունը։ Այդպես մեծացնելով ուսումնասիրության շրջանակը՝ երեխան հասնում է Արցախ։
Գլխավոր կերպարն ինքը՝ երեխան է, որը ճանապարհորդում է Հայկական լեռնաշխարհի տարածքով, ուսումնասիրում է նահանգները, մարզերը, ուսումնասիրում է հայկական հոգևոր մշակույթը, խոսում ենք քրիստոնեական, եկեղեցական, ազգային տոների մասին։
Նախատեսվում է, որ տոնը կտոնեն իրականում, և դա ոչ թե գրքային կլինի, այլ ազգային երգի ու պարի ներքո մեծ համայնքով կնշեն։ Այս ամենը երեխան անելու է գործողությունների ու ակտիվ վարժանքների միջոցով՝ գծում է իր համայնքի քարտեզը, ներկայացնում իր պատկերացումները։
Մենք նաև այստեղ կապեր ենք տալիս այլ առարկաների հետ՝ մաթեմատիկա, աշխարհագրություն։ 6-րդ դասարանում «Հայոց պատմությանը» ինտեգրվել է «Համաշխարհային պատմությունը»՝ սկսվում է սկզբնական ժամանակաշրջանից՝ նախնադար, նեոլիթյան ժամանակաշրջան, այնուհետև ուսումնասիրվելու է Ուրարտական թագավորության ժամանակաշրջանը։
Մեր կարծիքով, կարևոր է կապեր ապահովելը․ եթե, օրինակ՝ երեխան իմանում է, որ Հայկական լեռնաշխարհում այդ ժամանակաշրջանում տեղի է ունենում մի կարևոր իրադարձություն, ցանկալի է, որ նա զուգահեռ ուսումնասիրի, թե այդ ժամանակ ինչ է տեղի ունեցել հարևան երկրներում, աշխարհում։
7-րդ դասարանից արդեն առարկաներն ավելի ճյուղավորվում են և նեղ մասնագիտական են ներկայացվում՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաները մինչև 9-րդ դասարան։ Պետք է ասեմ, որ հայոց պատմության ժամանակագրականության հաջորդականությունը պահպանված է՝ 5-րդ դասարանից հասնում է մինչև մեր օրեր, այստեղ բաց թողնված չէ որևէ թեմական մոտեցում։
Միջին դպրոցում ժամանակագրությունը մենք հստակ պահպանել ենք՝ սկզբից մինչև վերջ, ծագումնաբանությունից մինչև մեր օրեր, որևէ բան չի խախտվել, որևէ թեմա չի խախտվել կամ հանվել, նախկինում ինչ եղել էր, և որով դպրոցները կրթությունը կազմակերպել են, պահպանվել է։
Ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ասեմ՝ այնպես է արվում, որ երեխան չյուրացնի այն, ինչ յուրացրել է կրտսեր դասարաններում։ Այս պահին այդպես է՝ ավագ դպրոցում սաներն ուսումնասիրում են այն, ինչ սովորել են, բայց մի քիչ ավելի խորացված։ Ուսուցիչների բազմաթիվ դիտարկումներ ունենք այն մասին, որ երեխաների մոտ այդ թեմաների նկատմամբ հետաքրքրությունը կորչում է։ Շատ քննարկվում է ավագ դպրոցի թեման, ու խեղաթյուրվում է ամեն ինչ։
Ավագ դպրոցը կառուցվում է պետություն գաղափարի շուրջը, այստեղ նպատակը պետությունների ձևավորման ու կործանման պատճառահետևանքային կապերի, ներքին ու արտաքին հարաբերությունների, սոցիալ-մշակութային, քաղաքական փոխառնչություններին է վերաբերում։
Այս թեման ուսումնասիրում են Ուրարտուից մինչև Կիլիկյան Հայաստան ընկած ժամանակաշրջանը։ 11-րդ դասարանը կառուցվում է ինքնություն հասկացության շուրջ, և այստեղ ինքնություն նկատի ունենք ազգային-ազատագրական պայքարը՝ թե պետականության կործանման դեպքում ինչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը դեպի ինքնություն գնացող ճանապարհին։
12-րդ դասարանը նորարարության գաղափարի վրա է հիմնված, այսինքն՝ այնուամենայնիվ, քո պետության ինքնության համար մղվող պայքարում դու մշտապես կատարում ես նորարարություններ, մշտապես պատրաստ ես խնդիրը, կոնֆլիկտը լուծել՝ հենասյուն գտնելով։
Ավագ դպրոցում աշակերտները ուսուցումը կազմակերպելու են հետազոտությունների, ուսումնասիրությունների, վերլուծությունների հիման վրա, այսինքն՝ գրելու են աշխատանքներ, էսսեներ և այլն։ Երբ սանին տալիս ես աղբյուրներ, նա հետազոտելով է հասնում արդյունքի։ Շատ կարևոր է, որ սանը ինքն այդ ամբողջին հասնի։
Այդ ճանապարհը նա պետք է ընտրի ու գնա։ Նաև կարևոր է աշակերտին տեքստ կարդալ սովորեցնելը, եթե ես կարողացա այդ սերը արթնացնել ու կապել տեքստի հետ, ապա ինձնից դուրս իրենք լավագույն հետազոտությունն են կատարելու։
– Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հայտարարել է, որ «Հայոց պատմության» դասագրքերում Հայկական լեռնաշխարհ, Արևելյան Հայաստան տեղանունների փոխարեն օգտագործվում է բացառապես թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա կամ ուղղակի՝ Կովկաս»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք պատմաբանի այս հայտարարությունը։
– Ես համաձայն չեմ այդ մեղադրանքին։ Բովանդակային մասի պատասխանատուները այլ մարդիկ են, բայց ես նայել եմ, և այդպիսի տերմինոլոգիա չկա։
Գիտեք՝ շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում՝ առաջին անգամ «Հայոց պատմության» մեջ ուսուցչին և առհասարակ կրթությանը, հարցնում են՝ ի՞նչ կրթություն ես ուզում ունենալ ապագայում, վաղվա համար, որովհետև այն, ինչ այս բարեփոխումների արդյունքում սովորեցնելու ենք երեխաներին, պետք է ուղեկցի նրանց երկար տարիներ շարունակ։
Դրանով նրանք ապրելու են, և այդ հարափոփոխ աշխարհում, երբ ամեն ինչ զարգացում է ապրում, մենք պետք է մի քիչ ավելի հեռատես լինենք, զարգացնենք շատ հմտություններ աշակերտների մոտ։
Այդպիսի մոտեցումներ այս առարկաների կազմման հիմքում դրված են՝ մեծ տեղ է տրվում հմտություններին, արժեհամակարգին, կիրառելիությանը, կյանքի հետ կապին։ Ցանկացած բան, որն աշակերտը սովորում է, պետք է իմանա՝ ի՛նչ է դա տալու իրեն կյանքում, ինչպե՛ս պետք է օգտագործի ։
Այսօր եթե դպրոց մտնեք, շատ երեխաներից կլսեք հարց՝ ինչո՞ւ եմ սա սովորում, ե՞րբ է սա ինձ պետք գալու։ Դա հատկապես ավագ դպրոցում է հաճախ հանդիպում։ Երբ դա երեխան կապի իրական կյանքի հետ, ու իր հմտություններով լուծումներ տա առաջադրանքներին, ա՛յ այդ ժամանակ նրան հետաքրքիր կլինի այդ փուլը։
Կորոնավիրուսը եկավ ու ապացուցեց մեզ, որ մենք խնդիր լուծող հասարակություն պետք է ստեղծենք, որ ցանկացած պահին մենք մարտահրավերներին պատրաստ պետք է լինենք։
– Տիկի՛ն Մկրտչյան, գուցե շատ կոպիտ հնչի, բայց ձեզ գրեթե Թուրքիայի գործակալ են համարում․ հայտարարում են, թե դուք համագործակցել եք թուրք գործիչների հետ, եղել եք Թուրքիայում, շփվել նրանց հետ, գրքեր խմբագրել։ Ավելին, նույն Աշոտ Մելքոնյանը ասել էր, որ կարող է դիմել ԱԱԾ։
– Ես շատ ցավում եմ կեղծ մեղադրանքի, զրպարտության ու նման ոճով ներկայացնելու համար։ Այո՛, ես մասնակցել եմ նման ծրագրերի, մասնակցել եմ որպես անհատ փորձագետ։ Ծրագրի կազմակերպիչը եղել է «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնը։
Ես ունեցել եմ հանդիպում թուրք գործընկերների հետ։ Նրանք մարդիկ էին, որոնք եկել են Հայաստան, ընդունել են Ցեղասպանությունը, գնացել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են խոնարհել ու ավելին՝ իրենց պետության կողմից հալածված են եղել։ Կար մի ժամանակ, երբ նրանց պետության ղեկավարը հավաքել էր նրանց անձնագրերը, ազատել աշխատանքից, որոնց մի մասը դարձավ քաղբանտարկյալ, մի մասն էլ՝ քաղհալածյալ՝ հեռանալով իրենց երկրից։
Այո՛, այդ մարդկանց հետ ես համագործակցել եմ ու շատ ցավում եմ, որ նման կեղծ մեղադրանքներ են ներկայացնում։ Այն, ինչ ես որպես անհատ փորձագետ-գիտնական իրականացրել եմ, որևէ կապ չունի այս ամբողջ գործընթացի՝ կրթական բարեփոխումների հետ։ Ինչ վերաբերում է ԱԱԾ դիմելուն, խնդիր չեմ տեսնում։ Բայց ես դրան դեռ անդրադառնալու եմ, ուղղակի հիմա չեմ ուզի խոսել այդ մասին։
– Հնարավո՞ր է՝ դուք էլ ձեր հերթին դիմեք իրավապահներին։
– Իհարկե, կեղծ զրպարտության համար։ Այո՛, ես ինքս կդիմեմ համապատասխան մարմիններ ու կխնդրեմ, որ իրենք ուշադրությամբ ուսումնասիրեն իմ անցած ճանապարհը, կենսագրությունը, և եթե կգտնեն որևէ բան, պատրաստ եմ պատասխան տալու։
Իսկ եթե ոչ, ես ինքս եմ դիմելու իրավապահ մարմիններ՝ կեղծ մեղադրանքների, բարի համբավը ոտնահարելու համար։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ այն, ինչ հիմա կատարվում է, պետության, չափորոշիչները կյանքի չկոչելու, կրթական ռեֆորմը չիրականանալու դեմ իրականացվող քաղաքականություն է։
Ես հիմա կոչ եմ անում բոլորին՝ ովքեր իրական մտահոգներ են, սրտացավ են, ցանկանում են, որ ապագայի համար ունենանք լավ կրթություն, թող հանդես գան իրենց առաջարկություններով և ոչ թե քննադատություններ հնչեցնեն։ Դա շատ հեշտ գործ է։
Հենց հիմա քննարկումներ են, թող ներկայացնեն առաջարկություններ, և համատեղ գանք ընդհանուր հայտարարի։ 6000 ուսուցչի հետ մենք հանդիպումներ ենք ունեցել, մանրամասն խոսել ենք, հարցերն ու մտահոգությունները լսել ենք։
Մենք էլ, իհարկե, հասկանում ենք, որ նման մեծ փոփոխությունները կարող են հարցեր առաջացնել և այդ իմաստով բաց ենք քննարկումների համար։ Մի շատ կարևոր հանգամանք էլ ասեմ՝ մեր թիմի անդամները ընտրվել են բաց մրցույթով, ովքեր դիմել են մրցույթի՝ անցել են։
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am