Միջազգային հանրության անդամը, ինչպիսին Ադրբեջանն է, պետք է չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է դրան հետևի. Փաշինյան

Ես կարծում եմ, որ ի վերջո Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական և արտաքին քաղաքականության քննարկման կարևոր առարկաներից մեկը պետք է լինի: Այդ մասին իր ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես արձանագրեցի, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ՝ այս թեման պետք է լինիմիջազգային հանրության քննության առարկան: Ադրբեջանը պատերազմից հետո լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը: Մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի», -հավելել է վարչապետը:

Նրա խոսքով, միջազգային հանրության անդամը, ինչպիսին Ադրբեջանն է, «պետք է չափեր ունենա», և միջազգային հանրությունը պետք է դրան հետևի:

«Ադրբեջանը ակնհայտորեն Հայատանի նկատմամբ տարածքային նկրտումներ է արտահայտում: Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում արևելյան Զանգեզուր: Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում: Ի՞նչ է նշանակում միջանցքային տրամաբանություն: Մենք նախկինում հայտարարել ենք ու հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում, ինչը չի նշանակում, թե որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումից: Միջանցքային տրամաբանությունը իմ կարծիքով Ադրբեջանը զարգացնում է հենց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման քննարկումից հանելու համար», -ընդգծել է վարչապետը:

Հայաստանը, ըստ Փաշինյանի, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի ձախողել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ծրագիրը, հանել քննարկումների օրակարգից:

«Այս իրավիճակը կարծում ենք, ավելի ու ավելի պետք է միջազգայնանա, որովհետև սա այլևս Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ, սա ընդհանրապես միջազգային իրավունքի հարց է: Ադրբեջանի նախագահը օրինակ, հայտարարում է՝ որտեղ ուզենք կկանգնենք, պետք է հասկանանք՝ նոր աշխարհակարգ է գործո՞ւմ, ով որտեղ ուզենա, կկանգնի՞: Սա նշանակում է՝ որևէ երրորդ երկիր որտեղ ուզենա Ադրբեջանի տարածքում կկանգնի՞: Սա նշանակում է միջազգային իրավունքի նոր էջ է բացվո՞ւմ: ՄԱԿ-ի կանոնադրությունը, մյուս միջազգային փաստաթղթերը գոյություն չունե՞ն, ով որտեղ ուզի կկրակի, կներխուժի: Սա պետք է դառնա միջազգային քննարկման առարկա: Ադրբեջանի պահվածքը պետք է դառնա քննարկման առարկա ոչ միայն ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, ոչ միայն եռակողմ հանդիպմանը, նաև պատրաստվում այս հարցը բարձրացնել Ժողովրդավարության գագաթնաժողովին», -նկատել է վարչապետը: