44-օրյայից հետո բանակում բարեփոխումներ չեղան, որպեսզի այսօր իշխանությունը մարդկանց ասի՝ եթե չտանք, պատերազմ կլինի. Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանն այս պահին ի՞նչ բնորոշում կտաք։ Ինչպե՞ս եք գնահատում վարվող քաղաքականությունը։

– Ընդհանուր առմամբ մեր արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլանքն է ու հակառակը, այսինքն՝ այն, ինչ հիմա կատարվում է մեզ հետ, շատ ուղիղ կապ ունի ներքին քաղաքական կյանքում կատարվողի հետ։ 

Ես պետք է ասեմ, որ ներքին քաղաքական կյանքում դրական միջավայր չկա այն մարտահրավերների լուծման համար, որոնք այսօր կան, ու դա, բնականաբար, բխում է 2021 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքներից։ Կառուցողականություն ու միասնականություն չունեցանք ու դրա հետևանքով կանգնել ենք մի խնդրի առաջ, որն այս պահին իրականում լուծում չունի: Եթե պահանջես իշխանության հրաժարական, դրան կարող են հաջորդել անորոշ զարգացումներ, որոնք երկիրը կմտցնեն անորոշ ցնցումների մեջ: Շարունակել տեսնել, թե այդ խորհրդարանը և կառավարությունը երկիրը տանում են դեպի հերթական «ավտովթար» ու միգուցե եզրագիծ, դա էլ հնարավոր չէ, այսինքն՝ ընդհանուր այս պահին դեռևս անհասկանալի է, թե ո՛ր հարցը պետք է լուծել՝ արտաքին քաղաքակա՞նը, թե՞ ներքին հարցերը, մեկը մյուսի հետ փոխկապակցված են։

– Օրինակ՝ արտախորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ վաղուց ժամանակն է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել ու ստեղծել ազգային կառավարություն, համակարծիք չե՞ք նրանց հետ։ 

– Ես դրան շատ պրակտիկ եմ նայում, նախ պետք է հասկանալ՝ արդյոք դա հնարավո՞ր է, թե՞ չէ։ Տեսականորեն միգուցե հնարավոր է, բայց գործնականորեն անհնար է, որովհետև խորհրդարանում իշխանությունը մեծամասնություն է կազմում, իսկ անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ են բավարար չափով ձայներ, ընդդիմությունը չի կարողանալու ապահովել այդ ձայները։ 

Եթե խորհրդարանում ինստիտուցիոնալ ձևով հարցը լուծել չի ստացվում, պետք է դիտարկել փողոցային պայքարի տարբերակը, ինչի պոտենցիալը ես չեմ տեսնում այս պահին ու նաև չեմ տեսնում քաղաքական այնպիսի համախմբվածություն, այնպիսի օրակարգ, որով հնարավոր կլիներ հնարավորինս լայն զանգվածների ներգրավել այդ պայքարին։ Դա նաև հղի է վտանգավոր այլ ռիսկերով, որովհետև փողոցային ցանկացած պայքար իշխանությունն օգտագործելու է հօգուտ իրեն, ասելով, թե ներքին ցնցումների պատճառով մենք ունենալու ենք տարածքային կորուստներ։ 

Այսինքն՝ այն գործընթացը, որն ինքը կիրականացնի Ադրբեջանի հետ՝ տարածքների հանձնում և այլն, փորձելու են բարդել բոլոր այն քաղաքական ուժերի ու դերակատարների վրա, որոնք կփորձեն ինչ-որ ձևով այս պահին իշխանափոխության փորձեր անել։ 

Խորհրդարանում, իհարկե, կարող էր ճգնաժամ ստեղծվել, ընդդիմությունը կարող էր մանդատները վայր դնել, իհարկե դա իրավական առումով չի լուծարում խորհրդարանը, բայց այնտեղ կստեղծվեր ճգնաժամ, ու միգուցե այդ ճանապարհով իշխանությունը կանգներ լեգիտիմ պառլամենտ ձևավորելու առջև, ու այդ ճանապարհով գուցե փորձեին ինչ-որ գործընթացներ երկարաձգել, բայց դա էլ չի լինելու, որովհետև այս ընդդիմության կոկորդն էլ կտրես, իրենց մանդատներից չեն հրաժարվի, որովհետև վստահ են, որ հաջորդ պառլամենտում իրենք մանդատ չեն ունենալու։ 

– Այդ դեպքում ո՞րն է ելքը, տիկի՛ն Սամսոնյան։

– Հայաստանի իշխանությունն իհարկե սխալ է արել, որ մտել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեջ, ես դա բազմիցս եմ ասել, մենք այդ գործընթացի մեջ չպետք է մտնեինք, որվհետև դա հետագայում իր հետ բերեց շատ ու շատ խնդիրներ։ Այդ գործընթացի ժամանակ իշխանությունն արեց հայտարարություններ, որոնք վնասեցին գործընթացին, և որոնք Ադրբեջանն օգտագործեց հօգուտ իրեն։ Բայց եթե նույնիսկ մտել են այդ գործընթացի մեջ, ուրեմն դրանք պետք է լինեն երկկողմանի, այլ ոչ թե միակողմանի, այսինքն՝ Ադրբեջանը պետք է ազատի մեր օկուպացված տարածքները, մենք էլ կարող ենք քննարկել «անկլավները» վերադարձնելու հարցը։ 

Բայց մենք տեսնում ենք, որ գործընթացը ամբողջությամբ գնում է միակողմանի ճանապարհով, իշխանության բոլոր համոզումներն ու երաշխավորությունները, թե ամեն տարածք, ամեն քառակուսի կիլոմետր հանձնելու տակ լինելու է իրավական հենք, ևս չկան, որովհետև այսօր չկա պայմանավորվածություն, թե ո՛ր քարտեզներով է լինելու այդ սահմանազատումը, ու ինչու մենք պետք է այդ չորս բնակավայրը, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն, հանձնենք Ադրբեջանին։ 

Ստացվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակիրթ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց չի գնում, կա հանձնաժողով, որի սեղանի շուրջ նստում են ռուսները, ադրբեջանցիներն ու հայերը, ադրբեջանցիները հայերին ասում են՝ սա չտաք, պատերազմ կլինի, հայերն էլ գալիս դա մեզ են փոխանցում։ Այսինքն՝ չկա որևէ բանակցություն, զուտ տեղեկության փոխանակում է։ 

Մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, եթե այդ տարածքները հանձնենք, որովհետև դրանցով անցնում են կոմունիկացիաներ, ունենք Հայաստանի թիկունքը պաշտպանող դիրքեր, ունենք գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր, ու մենք արդեն լսում ենք արձագանքները Իջևանից, Նոյեմբերյանից՝ մարդիկ պատրաստվում են լքել այդ բնակավայրերը, այսինքն՝ ժամանակի ընթացքում այդ բնակավայրերը դատարկվելու են, որովհետև մարդիկ չեն պատրաստվում ապրել Ադրբեջանի կրակի տակ։ 

– Այսինքն՝ գործ ունենք միակողմանի զիջումների հե՞տ։

– Այո՛, միակողմանի զիջումներ են, որոնց սպառնալիքը պատերազմն է, բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ դա լինելու է շարունակական, որովհետև եթե մեկ անգամ այդ շանտաժն աշխատեց, դա հաջորդիվ էլ է աշխատելու։ Այդպիսով՝ մենք Հայաստանը կտոր-կտոր կտանք Ադրբեջանին, սա սխալ քաղաքականություն է։ Ես հիմա եմ հասկանում, թե 44-օրյայից հետո ինչու բանակում բարեփոխումներ չեղան, որպեսզի իշխանությունն այսօր հնարավորություն ունենա մարդկանց ասել՝ եթե չտանք, ապա պատերազմ կլինի։ 

– Ժողովուրդը կընդվզի՞։

– Երևանում ես ընդվզում չեմ սպասում, որովհետև չկա դրա պոտենցիալը, մարդիկ վախեցած են ու անորոշության մեջ։ Վախեցած են, որովհետև երկրի առաջնորդն իրեն վախկոտի պես է պահում, եթե երկիրն ունենար նորմալ առաջնորդություն, այլ իրավիճակ կունենայինք։ 

Պետք չէ միայն ժողովրդին մեղադրել, ժողովրդին բոլոր դեպքերում պետք են ուժեղ թիկունք ու առաջնորդություն, մարդիկ դա չեն տեսնում, դրանից են նեղված, այլ ոչ թե վախկոտ են ու չեն ուզում երկիրը պաշտպանել։ Իսկ Տավուշի մասով մտադիր ենք առաջիկայում այցելել այնտեղ, որ տեղում ծանոթանանք իրավիճակին, այդ մարդիկ պետք է իրենց մենակ չզգան, որովհետև այդ հարցը բոլորինս է։ Եթե վաղը Տավուշի հարցը լուծվեց ի վնաս Հայաստանի, վստահ եղեք, որ Սյունիքի հարցն էլ է լուծվելու ի վնաս Հայաստանի ու այդպես շարունակ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am