Քննարկվել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին: 

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղությամբ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը:

Գրասենյակի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը` ուղղված երեխաների ու կանանց առողջության պահպանմանը, ինչպես նաև սնուցման վիճակի բարելավմանը: 

Անահիտ Ավանեսյանը խոսել է ՀՀ մարզերում անցկացվող «Վաղ տարիքի երեխաների սնուցումը, աճը և զարգացումը» թեմայով դասընթացների մասին, կարևորել ծրագրի շարունակականությունը:

Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում սպասվող բարեփոխումները: Անահիտ Ավանեսյանը շեշտել է հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների  բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: 

«Հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ և հատկապես հետպատերազմյան շրջանով պայմանավորված իրավիճակը` հոգեկան առողջության պահպանումը մեր առաջահերթություններից է»,-ասել է նախարարը:

Նախարար Ավանեսյանը կարևորել է նաև մարզերում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ բարեփոխումների արդյունքում մարզերում առողջության առաջնային օղակի և հիվանդանոցների աշխատանքը կդառնա ավելի ներդաշնակ, իսկ բժշկական ծառայությունները` ավելի որակյալ: 

Անդրադարձ է եղել նաև իմունականխարգելման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանին պատվաստանյութերի մատակարարման, սառցային շղթայի հզորացման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման, ապատեղեկատվության հաղթահարման հարցերին: