Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ ելնելով մի քանի հանգամանքներից. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, ըստ ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ այդ հանդիպմանը։

– Այո՛, գնալու է, գրեթե վստահ եմ, որովհետև նախ՝ Հայաստանի իշխանություններն այս դեպքւմ մի փոքր վերապահում են արել. նրանք քանիցս հայտարարել են, որ իրենց դժգոհությունները վերաբերում են ՀԱՊԿ-ին, իսկ տնտեսական համագործակցությունից ու այլնից իրենք գոհ են։ 

Կարծում եմ, որ սա հենց հիմքեր էր նախապատրաստում, որպեսզի մարսվի Փաշինյանի՝ Սանկտ Պետրեբուրգ գնալը, բացի այդ՝ նախագահությունը ԵԱՏՄ-ում անցնում է Հայաստանին, իսկ այս պարագայում էլ չգնալը չի ընկալվելու, և երրորդ՝ այն բոլոր տնտեսական ձեռքբերումները, որ Հայաստանն ունի, հենց ԵԱՏՄ-ի գործիքների ու ռուսական այսպես կոչված բոնուսի արդյունք են, այսինքն՝ եթե դրանից էլ Հայաստանը զրկվի, Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն դառնում է կատարյալ, հետևաբար նա գնալու է։

Լրացուցիչ մեկ այլ պատճառ էլ կա՝ միայն խելապակասը ստեղծված իրավիճակում ամբողջովին կապավինի արևմտյան երաշխիքներին: Նկատի ունեմ այն իրավիճակը, որն ստեղծվել է Ուկրաինայում: Տեսնում ենք, որ արևմտյան ակնհայտ հոգնածություն կա նույնիսկ Ուկրաինային օգնելու հարցում, էլ ուր մնաց արևմտյան ինչ-որ պետություն, կառույց ստանձնեն Հայաստանի անվտանգության կամ կարիքների պատասխանատվությունը։ Ինչքան էլ ես թերագնահատեմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ այս պրիմիտիվ բանը ինքն էլ է հասկանում, հետևաբար ես վստահ եմ, որ նա Սանկտ Պետերբուրգ մեկնելու է։ 

– Իսկ քաղաքական առումով՝ երկկողմ հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք։

– Գրեթե զրոյական, ընդ որում՝ այս իշխանությունը մի բան չի հասկացել, որ Ռուսաստանի երկրորդական, երրորդական պաշտոնյաները, այդ թվում՝ Մարիա Զախարովան, երբեմն միտումնավոր են գնում հարաբերությունների էսկալացիայի, ինչ-որ հայտարարություններ են անում, լավ գիտակցելով, որ դա Հայաստանում, մեղմ ասած, դրական չի ընդունվելու։ 

Փոխանակ Հայաստանի իշխանությունը փորձի հասկանալ՝ ի՞նչն է այս ճգնաժամի պատճառը ու փորձի երկխոսության միջոցով կարգավորել խնդիրները, շատ հաճախ հայելային պատասխաններ է տալիս, օրինակ՝ նույն Զախարովային, խորացնում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը ու հետո չի կարողանում այդ հակադրությունը սպասարկել, որովհետև բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Ռուսաստանը մեզանից հազարներով հզոր է ու բաց հակադրության պարագայում Ռուսաստանը չէ, որ տուժելու է, տուժողը մենք ենք լինելու բոլոր առումներով՝ մանավանդ որ, այդ բաց հակադրության մեջ մենք չունենք դաշնակիցներ: 

Բոլոր այն փոքր «նվաճումները»՝ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ԵՄ-ից եղած թույլ ազդակները, չեն կարող կոմպենսացնել այն մեծ ճեղքվածքը, որն առաջացել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի պատճառով, մանավանդ որ, քո տնտեսության մեջ Ռուսաստանի դերակատարությունը՝ հենց Վիճակագրական պետական վարչության ներկայացրած թվերի համաձայն, մեծացել է։

– Իսկ քայլեր արվո՞ւմ են, որ այդ ճգնաժամը հաղթահարվի, պարո՛ն Սուրենյանց։

– Եթե գնա Սանկտ Պետերբուրգ, հավանաբար կլինեն երկկողմ հանդիպումներ, ազդակներից մենք կզգանք՝ քայլեր արվո՞ւմ են, թե՞ չէ։ Համենայնդեպս, օրինակի համար Օվերչուկի այցը Հայաստան, որը տեղի ունեցավ անցած շաբաթավերջին, լրիվ դրական իմաստով տարբերվում էր այն նեգատիվից, որ գոյություն ունի հայ-ռուսական հարաբերություններում, այստեղ տնտեսական կոնկրետ բաներից էին խոսում։ 

Հայաստանի իշխանությունը պետք է վերանայի իր անհեռանկարային՝ մեկ ուղղության վրա կենտրոնացած քաղաքականությունը, տուրբուլենտ աշխարհում բոլոր փոքր երկրները, որոնք միակողմանի, միակենտրոն արտաքին քաղաքականություն կվարեն, դատապարտված են ձախողման, օրինակ՝ տեսեք ԵՄ-ի հետ իր ինտեգրումը խորացնող Վրաստանը ինչպիսի ճկուն քաղաքականություն է վարում Ռուսաստանի հետ, չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, երկրորդ ճակատի այդ գայթակղությանը չտրվեց։

– Արևմուտքում մենք դաշնակիցներ չունե՞նք։

– Արևմուտքւմ մենք ունենք գործընկերներ, ընդ որում՝ արժեքավոր գործընկերներ, բայց գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները միանգամայն տարբեր բաներ են։ Գործընկերներից ոչ մեկը պատրաստ չէ լինել քո դաշնակիցն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ:

– Իսկ Ռուսաստանը պատրա՞ստ է, պարո՛ն Սուրենյանց։

– Այս պարագայում սպասել, որ Ռուսաստանն ընդդեմ Ադրբեջանի կամ Թուրքիայի քո անվտանգային կարիքները կբավարարի, իրատեսական չէ, բայց դա չի նշանակում, թե հարաբերությունները պետք է հասցնել զրոյական կետի, որովհետև, այնուամենայնիվ, սա այն տարածաշրջանն է, որտեղ Ռուսաստանն ունի շահեր, ներկայություն՝ ավելի կամ պակաս, ու նա չի պատրաստվում այդ դերակատարությունից հրաժարվել: Դրա համար եմ ասում՝ միայն Ռուսաստանին ապավինելն էլ ճիշտ չէ, մենք պետք է փոխլրացնող արտաքին քաղաքականություն վարենք: Մեծ հաշվով, Հայաստանի պետականության լինելությունը պայմանավորված է հայ-ռուսական ու հայ-թուրքական հարաբերությունների որակով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am