«Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին. հայտարարություն

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը․

«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել:

Պատճառը մեր գործընկեր պատգամավորների ակնհայտ ապօրինի կալանավորումն է և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումն է:Փաստացի խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը: Նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս:

Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում, և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ:

Նման պայմաններում «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ և կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն: Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները»: