Պուտինը և Բայդենը սկսել են բանակցությունները տեսակապի միջոցով

Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները սկսել են հեռուստակամուրջի ձևաչափով անցկացվող իրենց երկկողմ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ռազմավարական կայունության և երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Կարող են քննարկվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Նրա խոսքով՝ զրույցը կտևի «այնքան, որքան պետք է»:

Կրեմլը և Սպիտակ տունը նախօրոք հայտնել էին, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ին հեռավար բանակցություններ են անցկացնելու պաշտպանված տեսակապի միջոցով: Այսօրվա տեսակոնֆերանսը Պուտինի և Բայդենի հինգերորդ շփումն է՝ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: