ՀՀ ԱԺ նախագահը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:
Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումըինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը: Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հարցին:
Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Ղազախստանի հայ համայնքի դերը: