Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը․ Ավագանու անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանի գրառումը․

«Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, և ես որպես Երևանի Ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ պարտավոր եմ դա մեկնաբանել։

Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է) Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին , ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։

Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույք նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով, զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311 , այսինքն անհրաժեշտ քանակի 35% ( ոչ թե 60% )։ Կարծում եմ խիստ կարևոր է ճիշտ ներկայացնել հանրությանը իրական գործընթացների պատկերը այլ ոչ թե մոլորեցնել բացվածք չունեցող թվերի և խոսքերի միջոցով։

Իդեպ պարտավոր եմ նաեւ հայտարարել, որ համայնքի բյուջեի հաշվին գնված ավտոբուսների համար միջոցները գոյացել էլ ավագանու համար խիստ մտահոգիչ բյուջեի կատարողականների հաշվին, քանի որ 2018 թվականից հետո բյուջեով նախատեսված քաղաքի ծախսերի կամ այլ կերպ ասած կատարված աշխատանքների ծավալը կազմել է 65-70%։ Այսինքն ցավոք , այլ անհրաժեշտ աշխատանքներ չկատարելու հաշվին ենք մենք ձեռք բերել ավտոբուսները։

Ինչևէ

Մի քանի խոսք էլ վերելակների մասով։ Քանի որ բյուջեն հաստատում է Երևանի ավագանին, ապա տեղեկացնեմ որ պարոն Մարությանի կողմից նշված 100 վերելակի ձեռքբերումը համարում ենք ոչ բավարար, և ստիպված ենք լինելու բյուջեի ճշգրտման և օպտիմիզացիոն գործընթացը ստանձնել մեզ վրա, որպեսզի նշված 100 վերելակի փոխարեն ձեռք բերենք առնվազն 300 նոր վերելակ 2022 թվականի ընթացքում։

Հարգանքով

Լևոն Հովհաննիսյան»։