Երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը․ ԽԱՊԿ զեկույց

Երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը․ ԽԱՊԿ զեկույց
Երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը․ ԽԱՊԿ զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2019 թվականի երրորդ եռամսյակի զեկույցը։

2019թ. երրորդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը։ Դիտարկվող ժամանակահատվածում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ։ Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։

Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներին վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների նոր դատական գործերի քանակը համապատասխանաբար՝ 28 և 25 էր։ Այսինքն՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 83 այդպիսի գործ, ինչը շատ ավելին է, քան նախորդ 2 տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած։

Վերոհիշյալ 30 դատական գործերից 13 դեպքում հայցվորները ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ։

Դատական հայցերի այս հոսքը թերևս պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը լի է ատելության խոսքով, ֆեյք լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով։ Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը։ Որոշ դեպքերում էլ քննադատության թիրախ դարձած մարդիկ փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա։

Ընդհանուր առմամբ, 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 11, ֆիզիկական բռնության 1 փաստ։

2019 թ. երրորդ եռամսյակը նշանավորվեց ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող` ԽԱՊԿ-ի նախաձեռնությամբ պատրաստված մի քանի օրինագծերի ակտիվ քննարկումներով։ Փաստաթղթերից մեկը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ-ն սեպտեմբերի 10-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Ըստ այդմ՝ օրենսդրորեն ամրագրվեց, որ լրագրողները կարող են ըստ պատշաճի ելումուտ անել քաղաքապետարան, ներկա գտնվել ավագանու նիստերին և ազատորեն լուսաբանել դրանք։ Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը, որը մշակել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Խորհրդարանական հանձնաժողովը աշխատանքային խումբ է ձևավորել՝ քննարկումներ կազմակերպելու և օրինագիծը կատարելագործելու նպատակով։ Շարունակվում են քննարկումները նաև ԽԱՊԿ-ի մշակած երեք այլ օրինագծերի շուրջ, որոնցով փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում։

ԽԱՊԿ-ը 2019-ի երրորդ եռամսյակում շարունակել է դիտարկել «Էլեկտրիկ Երևանի» և «Սարի թաղի» իրադարձություններին վերաբերող քրեական գործերը, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ։ Եթե «Սարի թաղի» գործի առնչությամբ Հատուկ քննչական ծառայության կայացրած կասեցման որոշումը հաջողվեց (նաև ԽԱՊԿ-ի ջանքերով) դատարանի միջոցով վերացնել և վերսկսել նախաքննությունը, ապա «Էլեկտրիկ Երևանի» վերաբերյալ ՀՔԾ-ի նույնատիպ որոշումը դատական կարգով բողոքարկման ընթացքում է։