Լրատվամիջոցը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրները. iLur.am-ը կհասնի մինչեւ ՄԻԵԴ

Լրատվամիջոցը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրները. iLur.am-ը կհասնի մինչեւ ՄԻԵԴ
Լրատվամիջոցը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրները. iLur.am-ը կհասնի մինչեւ ՄԻԵԴ

Չնայած բարձրացած մեծ աղմուկին եւ քննադատություններին, նախօրեին Վերաքննիչ դատարանը մերժել է iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը, որով լրատվամիջոցները հրաժարվում էին բացահայտել իրենց աղբյուրները: 

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը:

www.ilur.am-ը տարածած հայտարարության մեջ նշում է, որ դատարանի որոշումն իրենց համար անակնալ չի եղել:

«Այն ամբողջությամբ տեղավորվում է արդարադատության վերաբերյալ՝ իշխանությունը բռնազավթած ռեժիմի պատկերացումների շրջանակներում,-նշված է հայտարարության մեջ,- դատարանի որոշումը մենք համարում ենք մարտահրավեր ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին մասնավորապես: 

Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛՝ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք շարունակում են մնալ Դատախազության կցորդը, եւ նախապես ու դատարանից դուրս կայացված որոշումներ դակողը: Դատարանը ապացուցեց, որ զուրկ է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, եւ որ Հայաստանում չկա արդարադատություն որպես այդպիսին: Հայաստանում արդարադատության քողի տակ մեզ է են ներկայացնում իշխանության ղեկը բռնազավթած մի քանի անձանց կամքը եւ խաղի կանոնները»:

Հիշեցնենք, որ մայիսի  սկզբին, «www.ilur.am»  եւ «Հրապարակը» իրարից անկախ անդրադարձել են Գյումրիում մայիսի 7-ի գիշերը տեղի ունեցած մի դեպքի, որն էլ պատճառ է հանդիսացել նման զարգացումների:  Ըստ հրապարակումների, այդ գիշեր,  Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կանգնեցրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին մեքենան, որ մեջ եղել է նաեւ վերջինիս եղբայրը, եւ քանի որ մի աղբյուրի հավաստմամբ դուրը չի եկել նրա կայանած մեքենան, մյուսի պնդմամբ` հեռահար լույսով երթեւեկելը` բռնություն է կիրառել չեմպիոնի հանդեպ:

Ինչպես եւ նման դեպքերում է տեղի ունենում, ՀՔԾ-ն լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա սկսել է նյութեր նախապատրաստել, որի ընթացքում լրատվամիջոցներին` աղբյուրը բացահայտելու պահանջ են ծանուցել եւ բացասական պատասխան տալով տեղեկատվական աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դիմել է դատարան եւ հաջողության հասել:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ նրա եղբայր, ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը, ինչպես տեղեկացնում է  www.ilur.am-ը, տուժող են ճանաչվել մայիսի 7-ին իրենց վրա կատարված հարձակման գործով: Այս մասին սեպտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանում, նույն գործով աղբյուրի բացահայտման պահանջի բողոքարկման դատաքննության ժամանակ հայտարարել է դատախազ Հայկ Պետրոսյանը: Ըստ աղբյուրի, Պետրոսյանը նշել է, որ գործով մեղադրյալներ «առայժմ ներգրավված չեն»:

Իրադարձությունների նման զարգացումները, երբ դատարանի որոշմամբ լրատվամիջոցներին հարկադրվում է բացահայտել ինֆորմացիայի աղբյուրները լուրջ մտահոգությունների առիթ են հանդիսացել ինչպես Հայաստանի լրագրողական, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների այնպես էլ միջազգային կառույցների կողմից:

Տեղեկացնենք, որ ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ երբ խոսք է գնում «քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով»:

«Եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»,-նշված է օրենքի երկրորդ մասում:

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն մտահոգություն է հայտնել` կոչ անելով հարգել լրագողների մասնագիտական իրավունքը:

«Ես մտահոգված եմ, որ այս որոշումը հնարավոր է կաշկանդող ազդեցություն ունենա լրատվամիջոցների վրա, քանի որ կարող է խոչընդոտել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանմանը,-ի պատասխան «Մեդիալաբի» հարցման տարածած հայտարարության մեջ հուլիսի 22-ին նշել էր ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը: Պետք է հարգվի լրագրողների մասնագիտական իրավունքը՝ պահպանելու ինֆորմացիայի պետական եւ մասնավոր աղբյուրների գաղտնիությունը»:

Աղբյուրի բացահայտման` դատարանի պահանջը մեդիափորձագետներն «աննախադեպ» են որակում: Ըստ նրանց, չնայած, որ վերջին տարիներին Հայաստանը մամուլի ազատության ոլորտում, ըստ միջազգային կառույցների առաջընթաց է արձանագրում, այս նախադեպը իրավիճակը կարող է բոլորովին այլ ուղղությամբ տանել:

«Այն ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն հակասում է խոսքի ազատությանը եւ զանգվածային լրատվության օրենքի դրույթներին,-«Մեդիալաբին» ասում է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը,- մեդիափորձագետների բացարձակ մեծամասնությունը համարում է, որ այս ամենը արշավ է ազատ խոսքի դեմ, մամուլի ազատությունը սահմանափակելու միջոց, պահանջ` օրենքի դեմ»:

Լրատվամիջոցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ անկախ ամեն ինչից iLur.am-ը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի վճիռը՝ պահպանելով ներպետական բոլոր ատյաններն անցնելու անհրաժեշտ ընթացակարգը:

«Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ ներպետական ատյանները սպառելուց հետո, կդիմենք նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան,-նշված է iLur.am-ի հայտարարության մեջ:

© Medialab.am