Իմ աշխատավարձն էական իջել է նախարար դառնալուց հետո․ Վահան Քերոբյան․ տեսանյութ

«Մեր քաղաքացիների կյանքի որակը բարձրացել է՝ չնայած բարձր գնաճին»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վերահաստատելով այսօր լրագրողների հետ զրույցում հայտնած իր կարծիքը:

«Նվազագույն աշխատավարձ չի բարձրացել, կենսաթոշակների չափը չի բարձրացել, նպաստների չափերը չեն ավելացել, բազային աշխատավարձի ձևավորման հիմքը չի փոխվել, անցյալ տարի նվազագույն սպառողական զամբյուղը 63, 300 դրամ էր, այս տարի 70, 500-ից ավելի է, կարծում եմ՝ Ձեր այդ պնդումը տեղին չէ, »,- դիմելով Քերոբյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ նման պնդումների նպատակն անհասկանալի է:

«Իմ աշխատավարձն էականորեն՝ մի քանի անգամ իջել է նախարար դառնալուց հետո, բայց խնդիրն այսպիսին է՝ բնականաբար անհանգստացած ենք գնաճով և գիտենք, թե ամբողջ աշխարհում ինչ բարձր գնաճ է, և ԿԲ-ներն ինչպես են պայքարում գնաճի դեմ: Մենք անհրաժեշտ գործիքակազմով պայքարում ենք դրա դեմ, չենք ժխտում բարձր գնաճի առկայությունը:

Իմ ունեցած տվյալներով՝ աշխատող մարդկանց եկամուտները բարձրացել են ավելի քան 10 տոկոսով, բայց այդ տվյալները նորից կստուգենք»,- պատասխանեց Քերոբյանը: