Հայկ Մարությանը լավ քաղաքապետ չէր, սակայն դա ոչ մի կապ չունեցավ իր պաշտոնանկության պատճառների հետ․ Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1. Կարծում եմ, Հայկ Մարությանը լավ քաղաքապետ չէր, սակայն դա ոչ մի կապ չունեցավ իր պաշտոնանկության պատճառների հետ։ Եթե խնդիրը դրանում լիներ, ապա մինչեւ իրեն հասնելը բազմաթիվ այլ մարդիկ պիտի զրկվեին պաշտոններից, ովքեր շարունակում են ամուր եւ իրենցից գոհ մնալ իրենց տեղերում։

2. Առավել եւս արհեստական է քաղաքական թիմի հետ հակասությունների վարկածը։ Այն զարգացումները, որ տեղի էին ունենում Հայաստանում դեռ 2019-ի կեսերից, էլ չխոսենք համավարակի եւ պատերազմի հետ կապված ձախողումների մասին, պարտադիր պետք է սուր բանավեճեր առաջացնեին ցանկացած քիչ թե շատ առողջ կուսակցական օրգանիզմում։ Եւ դա կստեղծեր ճակատագրական սխալներից խուսափելու, մտածված որոշումներ կայացնելու հնարավորություն։ Եթե նման երեւույթներ թիմում չկան, ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը։ Այլընտրանքային դիրքորոշում ունեցողները կամ իրենց կամքով սուս-փուս հեռանում են, կամ մոռանում են սեփական կարծիք ունենալու իրավունքի մասին եւ մնում, կամ արտահայտվելու դեպքում հայտարարվում են դավաճան/հակահեղափոխական/նախկինների հետ խաղեր տվող…

3. Այս պատմության հետեւում ներկուսակցական խմբակային կամ միջանձնային, հանրային շահերի հետ առնչություն չունեցող, հակասություններ են, որոնք իրենց հանգուցալուծումները գտնում են (կամ մնում, բորբոսնում են) մեկ անձի կամայական որոշմամբ։ Եւ դժվար չէ պատկերացնել, որ հիմնականում պարտվողի դերում հայտնվում են առավել ինքնուրույն, ինքնաբավ, ինքնասիրություն ունեցող մարդիկ՝ այլ արժանիքներ կամ թերություններ, իմ անձնական համակրանք/հակակրանքը ասածիս համար նշանակություն չունեն …»։