Թբիլիսին և Բաքուն ստորագրեցին ռազմական համագործակցության ծրագիրը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է Aliq.ge-ն։

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Զաքիր Հասանովին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։

«Հանդիպմանը նախարարները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության խնդիրները, խոսել սպառնալիքների և մարտահրավերների մասին։ Կողմերն ընդգծել են երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, երկկողմ քննարկման ընթացքում կարևորվել է բազմազգ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը։ Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համատեղ զորավարժություններն ու փորձագիտական ​​մակարդակով հանդիպումներն էլ ավելի են մերձեցնում երկու երկրների զինվորականներին և ամրապնդում փոխգործակցությունը», — ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Ջուանշեր Բուրճուլաձեն և Զաքիր Հասանովը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության 2022 թվականի ծրագիրը: