Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը․ FIP.am

Նոյեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրվեն մաքսակետեր և այդտեղով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրականացվի մաքսային հսկողություն։ Սակայն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ վերջնականապես ավարտվել են Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման աշխատանքները։ 

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Գլխավոր շտաբից հաստատել են, որ մեկ տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև կնքվել է պայմանագիր։ Թեև պայմանագրի բովանդակությունը չի գաղտնազերծվել, պատգամավորի պնդմամբ՝ դրանով հայկական զինուժը հետ է քաշվել Զանգելանի և Կուբաթլուի այն հատվածներից, որոնք 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կնքման պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։ 

Այս փաստաթղթի վերաբերյալ իշխանությունները մինչև վերջերս ոչ մի մեկնաբանություն չէին տվել և նույնիսկ չէին հիշատակել փաստաթղթի գոյության փաստը, սակայն երբ դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է հանրությունից թաքցվել փաստաթղթի գոյությունը, որով վերջիններս պարտավորվել են զորքերը հետ քաշել զբաղեցրած տարածքներից, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց, որ փաստաթուղթը զորքերի հետքաշման մասին չէր։ «Այդ փաստաթուղթը եղել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այդ ճանապարհը (Գորիս-Կապան- խմբ․) օգտագործել՝ մինչև այլընտրանքային ճանապարհը ունենալը»,- հայտարարեց Գրիգորյանը։

Վերջինս ասում է, որ փաստաթղթով Գորիս-Կապան ճանապարհը պետք է շահագործվեր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Այսինքն, կառավարությունը նախապես գիտեր, որ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի հիմնանորոգման ավարտին պես Ադրբեջանը փակելու է Գորիս-Կապան ճանապարհը։ Սրա հետևանքով Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի կապը արտաքին աշխարհի հետ գրեթե անհնարին էր դառնալու, քանի որ վերջիններս գործնականում մնալու էին դաշտամիջյան ճանապարհների հույսին, որոնք մարդատար մեքենաների համար անանցանելի են։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է ԱԽ քարտուղարի այն պնդմանը, թե փաստաթղթի գոյությունն ու բովանդակությունը գաղտնի չեն եղել, և ցույց է տվել, որ դրա մասին հանրությունն իմացել է միայն ընդդիմության հայտարարությունից հետո։ Սակայն Գրիգորյանի հայտարարության մեջ կա մեկ այլ կարևոր դրվագ։

Խնդիրը լուծելու համար կառավարությունն ուներ մեկ տարի ժամանակ։ Այդ ընթացքում հիմնանորոգեց միայն M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհը, և միայն նոյեմբերի 11-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու, անցակետեր տեղադրելու և մաքսային հսկողություն իրականացնելու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց որոշվեց հրատապ կարգով սկսել գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղեր տանող ճանապարհների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման փուլը։ 

Այդ որոշմամբ կառավարությունը Որոտան-Խոտ ճանապարհի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար 33 մլն դրամ հատկացրեց  «Մոդուլ» ՍՊԸ-ին, Քաշունի-Բարձրավան ճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 34 մլն դրամ «Սուֆետ» ՍՊԸ-ին, իսկ Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 39 մլն դրամ նույն «Սուֆետ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ որոշմանը զուգահեռ ճանապարհի որոշ հատվածներում արդեն ակտիվ աշխատանքներ էին ընթանում։

Ինչ վերաբերում է շրջանցիկ հիմնական՝ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս սեպտեմբերին գրել էր այդ մասին՝ ցույց տալով, որ աշխատանքները սկսվել էին ոչ թե պատերազմի ավարտից անմիջապես հետո, այլ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ այդ ժամանակ ոչ մի տեղեկություն չկար, որը թույլ կտար պնդել, որ կառավարությունը դրսևորել է ոչ թե անփութություն, այլ անգործություն։

Ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որով ժամանակ են ստացել Գորիս-Կապան մայրուղին շրջանցող մեկ այլ ճանապարհ կառուցելու համար, սակայն դրա հիմնանորոգման աշխատանքները սկսել են փաստաթուղթը ստորագրելուց կես տարի անց միայն, իսկ ճանապարհի փակվելուց հետո գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղերը արտաքին աշխարհին կապելու համար ոչինչ չեն ձեռնարկել՝ չնայած ճանապարհներ կառուցելու համար ունեցել են մեկ տարի ժամանակ։

Այսպիսով՝ եթե ճիշտ է Արմեն Գրիգորյանի պնդումը, թե փաստաթուղթը ճանապարհների օգտագործման մասին է, ապա կառավարությունը, իմանալով այլընտրանքային ուղիներ գտնելու ժամկետների մասին, կես տարի անգործություն է ցուցաբերել M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման և մեկ տարի՝ Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերը արտաքին աշխարհին կապելու գործում։

Փաստերի ստուգման հարթակ