Factor.am-ի հրապարակման արձագանքը․ Ավանի թաղապետի տեղակալը պաշտոնանկ կարվի

Factor.am-ի հրապարակման արձագանքը․ Ավանի թաղապետի տեղակալը պաշտոնանկ կարվի
Factor.am-ի հրապարակման արձագանքը․ Ավանի թաղապետի տեղակալը պաշտոնանկ կարվի

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այսօր այս մասին Երևանի ավագանու նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է Ավանի թաղապետ Արա Դանիելյանը:

Առաջին հայացքից սովորական թվացող այս պաշտոնանկությունն ուշագրավ է նրանով, որ Սամվել Ղումաշյանը շարունակում էր պաշտոնավարել՝ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխության օրերին հանդիսացել էր Ավան վարչական շրջանում ցույցերին մասնակցած քաղաքացիների վրա հարձակված և նրանց մեքենաները ջարդած աղմկահարույց միջադեպի մասնակից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է։ Մոտ 20 օր առաջ Factor.am–ը գրել էր, որ Սամվել Ղումաշյանը շարունակում է պաշտոնավարել:

Մեր հրապարկմանն այդ օրերին անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ իր տարակուսանքը հայտնելով այդ առթիվ, ինչպես նաև հիշեցնելով Ղումաշյանի՝ նախկին իշխանության օրոք կատարած ընտրակեղծիքները:

Հանրության արձագանքը ևս չուշացավ, իսկ Ավանի թաղապետը, փորձելով արդարացնել Ղումաշյանի պաշտոնավարումը, հայտարարեց՝ նրան ոչ նշանակել է, ոչ էլ ազատել, ավելին՝ պդնեց, որ Ղումաշյանը Ավանի ծեծկռտուքի միջադեպին մասնակից չի եղել, իսկ որպես մասնագետ նրան բնորոշեց այսպես.

«Ինքը աշխատում է, ինքը խոշոր մասնագետ է, տիրապետում է իր պարտականություններին եւ ես նպատակահարմար չեմ գտել իրեն ազատել: Ու նման ինֆորմացիաները իրականությանը չեն համապատասխանում, դրանում ես համոզված եմ»: Այսօր, երբ լրագրողները հետաքրքրվեցին Սամվել Ղումաշյանի պաշտոնավարման մասին, Արա Դանիելյանն արդեն այլ դիրքորոշմամբ հանդես եկավ՝ նկատելով, որ նրան ազատելու մտադրություն ունեցել է: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը համոզված է՝ Սամվել Ղումաշյանին ազատելու պատճառը հանրության բացասական արձագանքն էր այն փաստին, որ այդ անձը շարունակում է պաշտոնավարել.

«Իհարկե, այդ արձագանքն էր պատճառը: Քաղաքապետի արձագանքն էլ շատ չեզոք էր, հանելու միտում չէր ցույց տալիս»: Խաժակյանի կարծիքով՝ եթե չլիներ հանրային դժգոհություն, ապա Արա Դանիելյանը Ղումաշյանին չէր ազատի զբաղեցրած պաշտոնից: