Ալմաթիում սպանված իրավապահներից մեկը գլխատված է եղել. ղազախական հեռուստաընկերություն

Ալմաթիում սպանված իրավապահներից մեկը գլխատված է եղել, ինչը վկայում է ահաբեկչական խմբավորման առկայության մասին: Այդ մասին հաղորդել է ղազախական պետական հեռուստաընկերությունը, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

Աղբյուրը նաև հաղորդում է, որ զանգվածային անկարգությունների հետևանքով Ղազախստանում  իրավապահ մարմինների 12 աշխատակից է սպանվել, 353-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ 2022 թվականը Ղազախստանում սկսել է բողոքի զանգվածային ակցիաներով, ինչի պատճառը հեղուկ գազի թանկացումն է: Բացի այդ, բնակիչները բողոքում են երկրում առկա սոցիալական բարդ վիճակից և անարդարություններից: Երկրի նախկին մայրաքաղաք Ալմաթիում և մյուս քաղաքներում ու շրջկենտրոններում տեղի են ունեցել ընդհարումներ:

Ահաբեկչական խմբավորումների գոյության մասին հունվարի 5-ին խոսել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչի համար էլ դիմել է ՀԱՊԿ-ին խաղաղապահ ստորաբաժանումներ Ղազախստան ուղարկելու համար: