ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնէդդինովը՝ հավելելով, որ նիստի մասնակիցները քննարկելու են ՀԱՊԿ-ում խաղաղարար գործողության ընթացքը:

Տեսակոնֆերանսին մասնակցելու են նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:

ՀԱՊԿ անդամ պետություն Ղազախստանում սկսված անկարգություններից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա որոշում էր ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: