Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ

Մոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կիրառելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության առնչությամբ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:  

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու հետ կապված՝ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, նախարարը, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ: