Ի՞նչ է հաջորդելու ՀՀ նախագահի հրաժարականին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահի հրաժարականից հետո երկրի նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնում է ՀՀ ԱԺ նախագահը, այսինքն՝ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, հետևաբար տեղի է ունենալու արտահերթ ընտրություն, որը ՀՀ Սահմանադրության համաձայն անցկացվելու է հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո:

Դարձյալ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

ՀՀ Սահմանադրությունը հուշում է, որ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

ՀՀ նախագահի պաշտոնավարումը 7 տարի ժամկետով է: