Կառավարությունում ՀԱԿ-ի անդամի պաշտոն ստանալու լուրը կեղծ է

Կառավարությունում ՀԱԿ-ի անդամի պաշտոն ստանալու լուրը կեղծ է
Կառավարությունում ՀԱԿ-ի անդամի պաշտոն ստանալու լուրը կեղծ է

YerevanToday-ը հերթական անգամ հանդես է եկել ապատեղեկատվությամբ՝ այս անգամ կեղծ տեղեկություններ հրապարակելով ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մասին։

Մարտի 5-ին, YerevanToday կայքը տարածել էր մի հրապարակում, ըստ որի, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության իրավական հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի միջնորդությամբ աշխատանքի է անցել կառավարությունում։

Այս լուրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ինքը՝ Արմեն Խաչատրյանը, և հերքել այն։

YerevanToday-ի հրապարակման մեջ նաև նշված էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լրջորեն ապահովել է իր ներկայությունը թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում կադրերի միջոցով: Սակայն դեռևս փետրվարի 23-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն էրտարածել, որում անդրադարձել էր նմանօրինակ լուրերին։ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշել էր, որ «Հայ ազգային կոնգրեսի» միայն մեկ ներկայացուցիչ կա Նիկոլ Փաշինյանի շրջապատում՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Մամուլի քարտուղարի պաշտոնը, սակայն, հայեցողական է, և մամուլի քարտուղարը չի կարող համարվել ոչ գործադիր, և ոչ էլ, առավել ևս, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ YerevanToday-ն աչքի է ընկնում ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածմամբ։ FIP.am-ը նախկինում ևս անդրադարձել էր YerevanToday-ի կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվությանը։ Մասնավորապես, կայքը տարածել էր Վաչագան Ղազարյանի գումարների վերադարձման մասին կեղծ լուրը, իսկ անդրադառնալով ռազմական ու արտակարգ դրության մասին օրենքի նախագծին՝ YerevanToday-ը հանդես էր եկել մանիպուլյատիվ վերնագրերով։

Մերի Մնացականյան

www.Fip.am