Երևանի քաղաքապետը նոր տեղակալներ ունի

Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստին Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանն նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Գևորգ Սիմոնյանը նշանակվեց  Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու 53 գրանցված անդամների՝ 51 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Գևորգ Սիմոնյանը համակարգելու է քաղաքապետարանի առողջապահության և սպորտի ոլորտները:

Ավագանու որոշմամբ Սուրեն Գրիգորյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ, գրանցված 53 անդամների՝ 50 կողմ, 0 դեմ , 1 ձեռնպահ ձայներով: Սուրեն Գևորգյանը համակարգելու է իրավական, առևտրի և գովազդի ոլորտները:

Գրանցված 55 անդամների՝ 52 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվեց նաև Ստեփան Մաչյանը, ով համակարգելու  է քաղաքաշինության ոլորտը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ այս պահին քաղաքի գլխավոր ճարտարապետի ինստիտուտ որպես այդպիսին օրենքի ուժով չունեն, բայց կարծում է, որ այդ ինստիտուտը քաղաքապետարանում պետք է վերականգնվի: Քաղաքապետը վստահեցրեց, որ  Մաչյանը կգործի շատ օբյեկտիվ և, համագործակցելով համապատասխան ոլորտների ու մասնագետների հետ, կունենա լավ արդյունք:

«3 տարի գործունեություն ծավալելով քաղաքապետարանում՝ շատ լավ տիրապետում եմ բոլոր ոլորտներին ու առկա խնդիրներին, և կարծում եմ, որ մեր քաղաքապետի տեղակալների կառավարչական հատկությունները և փորձը հաշվի առնելով՝ մենք կկարողանանք շատ արագ լավ արդյունքներ ունենալ»,- ասաց Հրաչյա Սարգսյանը: