Բռունցքով հարվածել է բնակչուհու դեմքին, պահանջել գումար․ ավազակային հարձակում Ակունք գյուղում

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ակունք գյուղի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիմակավորված, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Ակունք գյուղի բնակարաններից մեկը, բռունցքով հարվածել բնակչուհու դեմքին և որպես զենք օգտագործվող առարկայի՝ դանակի գործադրմամբ, սպառնալիքներ հնչեցնելով նրանից պահանջել գումար: Սակայն նկատելով կնոջ դստեր և փեսայի այցելելու հանգամանքը՝ դադարեցրել է իր գործողություններն ու դիմել փախուստի: 

  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: 

  Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատագենետիկական և  դատաբժշկական փորձաքննություններ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:  

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։