4 զոհ 4 վիրավոր. բանակում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, պահանջում են ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրաժարականը

4 զոհ 4 վիրավոր. բանակում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, պահանջում են ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրաժարականը
4 զոհ 4 վիրավոր. բանակում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, պահանջում են ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրաժարականը

Հայկական բանակում շաբաթվա վերջին արձանագրվել է հերթական միջադեպը, որի արդյունքում կրկին զոհեր եւ վիրավորներ են եղել:
Նոյեմբերի 19-ին ժամը 24։00-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանության Բանակի հարավային ուղղությամբ` (Հադրութի շրջան), տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:
Միջադեպի արդյունքում մահացել են չորս ժամկետային զինծառայողներ. եւս չորսը վիրավորվել է: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից հաղորդած տվյալներով միջադեպի արդյունքում զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Հաղորդագրության մեջ չի նշվում, թե զինծառայողները որ զինկոմիսարիատներից էին զորակոչված:

Հրազենային կրակահերթից վիրավորվել են ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը, (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը, (ծնվ. 1992թ.),Մասիս Մավրիկի Գրիգորյանը, (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը` (ծնվ. 1991թ.):

Միջադեպի արդյունքում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Միջադեպի մանրամասները արդեն քանի օր է` չեն հրապարակվում:

Այդուհանդերձ, կատարվածը բուռն արձագանք է գտել ոչ միայն հասարակության շրջանում եւ սոցիալական կայքերում, որտեղ արդեն քանի օր է թեժ քննարկումներ են ընթանում կատարվածի վերաբերյալ, այլ նաեւ` իրավապաշտպանների շրջանում:

Ղարաբաղում գործող Հելսինկյան նախաձեռնություն-92 իրավապաշտպան կազմակերպությունը միջադեպից անմիջապես հետո արդեն հանդես է եկել ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին պաշտոնանկ անելու կոչով:

Իրավապաշտպան կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ  «Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմեկերպության Ղարաբաղյան կոմիտեն տեղի ունեցած միջադեպը գնահատում է որպես զինվորական եւ պետական բարձրագույն պաշտոնյաների անպատասխանատվության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի ճչացող փաստ:

«Կատարվածը գնահատում ենք որպես ղարաբաղյան բանակում արդեն իսկ նկատվող քայքայման եւ բարոյալքման գագաթնակետը, եւ կոչ ենք անում ԼՂՀ նախագահին, որպես ԼՂՀ ժողովրդի ինքնիշխանության եւ անվտանգության երաշխավորի, անհապաղ ստորագրել ԼՂՀ ՊԲ հրամանատարին պաշտոնանկ անելու հրամանագիր, ինչպես նաեւ բոլոր մեղավորներին ենթարկել խստագույն պատասխանատվության»,-նշված է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան իրավապաշտպան կազմակերպությունը, միաժամանակ նաեւ կոչ է արել ԼՂՀ նախագահին` այդ գործով տարվող հետաքննությանը ներգրավել նաեւ Լեռնային Ղարաբաղի հասարակությանը:

© Medialab.am