«Գլոբալ անհամաձայնությունների արանքում Ադրբեջանն ուզում է արագացնել Արցախի՝ Ադրբեջանի մաս ճանաչելու գործընթացը». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, 29 օր է՝ Լաչինի միջանցքը ադրբեջանցիները շարունակում են փակ պահել։ Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ չի հաջողվում բացել Արցախն աշխարհին կապող միակ ուղին։

– Միջանցքը չի բացվում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությամբ, որովհետև սա անմիջականորեն բխում է հենց երկուսի օրակարգից, չեմ ասում՝ պետության շահից։ Մենք բազմիցս ենք տեսել, որ դրա նախապատրաստական աշխատանքները միշտ տարվել են, ասել են, որ պետք է ինքնորոշման իրավունքի հարցում նշաձող իջեցվի, և այս կարգի այլ բաներ, ինչը նշանակում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել։

Ադրբեջանի կողմից մշտապես դրված է եղել այս պահանջը, ու այն սակարկման ենթակա չի եղել, և Հայաստանի իշխանությունն էլ, ունենալով խաղաղության օրակարգ, բնականաբար, այդ օրակարգն է ընդունում, որի մասին բազմիցս խոսել է։ Բայց հիմա այս գործընթացներն իրականում ամենևին էլ տեղի չեն ունենում Արցախի շուրջ, քանի որ գերտերությունների մակարդակում կան բավականին լուրջ բախումներ ու տարաձայնություններ։

Որքան էլ մեզ թվա, թե ամբողջը մեր շուրջն է կատարվում, ու բոլորի խնդիրն Արցախն է, ամենևին էլ այդպես չէ։ Իրական խնդիրը «Սյունիքի միջանցքն» է, որն այս պահին իրականում ձեռնտու է և՛ ռուսական, և՛ արևմտյան կողմին ու, բնականաբար, նաև թուրքական կողմին։

Միակ կողմը, որին միջանցքի բացումը ձեռնտու չէ, Իրանն է։ Եթե մնացած պետություններն ունեն գլոբալ կոնսենսուս «Սյունիքի միջանցքի» շուրջ, բայց չունեն համաձայնություն, թե ով պետք է վերահսկի այն, ապա Իրանի դեպքում հակասությունները շատ ավելի խորքային են, որովհետև նա ընդհանրապես չի հանդուրժում այդ միջանցքը։ Այժմ այս խմորումներն են ընթանում։

– Այսինքն՝ միջանցքը կբացվի, երբ այդ խմորումներն ավարտվե՞ն, կամ կողմերն ընդհանուր հայտարարի գա՞ն։

– Այո՛, իսկ Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականություն՝ որպես այդպիսին, ընդհանրապես չունի, նրա միակ օրակարգը խաղաղության օրակարգն է։ Հայաստանի իշխանության համար միակ կոնսենսուսային գաղափարն այն է, որ ինքը լինի իշխանության, որովհետև ասում է՝ ես թույլ եմ, տապալված եմ, դուք գերտերություններով որոշեք, իրար հետ փոխհամաձայնության եկեք, ասեք, թե ո՛րը պետք է լինի մեր ճակատագիրը տարածաշրջանում, այդ օրակարգը տվեք ինձ, կիրարկումը ես կանեմ, բայց դրա փոխարեն ակնկալում եմ, որ ես շարունակելու եմ լինել իշխանություն։ Սա է Հայաստանի իշխանության միակ օրակարգը։

Գլոբալ անհամաձայնությունների արանքում Ադրբեջանն ուզում է արագացնել Արցախի՝ Ադրբեջանի մաս ճանաչելու գործընթացը։ Ադրբեջանը ձգտում է այս գործընթացն արագացնել, որովհետև գիտակցում է, որ նման հնարավորություն միշտ չի ունենալու, ու փորձում է իրավական առումով ամրագրել ամենը: Ի դեպ, Հայաստանի իշխանությունն էլ է սրան կողմ։

Ըստ էության, բոլորն էլ այդ օրակարգն են սպասարկում, նույնիսկ, ցավոք սրտի, Արցախի իշխանությունը, ինչն ուղեկցվում է բավականին մեծ ու լուրջ պոպուլիզմով։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Սև լճի համար չենք կռվելու, բայց այս պարագայում Փաշինյանը ասում է՝ մենք Սյունիքով միջանցք չենք տալու։ Բայց այս միտքն անհեթեթ է, որովհետև եթե դուք չեք կարողանում պաշտպանել Սև լիճը, ո՞նց եք պատրաստվում պաշտպանել մի բան, որը բոլորն են ուզում:

Բնական է, որ ուղղակի խոսքի մակարդակով փորձ է արվում ստեղծել պոպուլիստական տրամադրություններ, որ, տեսեք՝ մենք չենք տալիս, մենք հնարավոր ամեն բան արեցինք, պատերազմով խլեցին, բայց մենք չտվեցինք, ու սրա համար նորից նախապատրաստում են թշնամիներ, իսկ էդ թշնամին պետք է լինի Ռուսաստանը:

Ինչպես տեսանք, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց այդ մասին, որ մեզ պարտադրում են և այլն։ Ինչքան այս խոսույթներն ինտենսիվ են դառնում, ուրեմն իմացեք, որ այդ պայմանավորվածությունների կատարումը շատ ավելի մոտ է։

Ամենաողբերգականն այն է, որ այս գործընթացի մեջ Արցախի իշխանություններն իրենց ուրույն ու շատ կարևոր դերն են կատարում։ Երբ Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, հիշո՞ւմ եք՝ Ռուբեն Վարդանյանն ինչ բոցաշունչ ելույթ ունեցավ, որ «մենք հաղթեցինք, մի բռունցք ենք, առանց որևէ զիջման հաղթեցինք», ու գլոբալ իմաստն այն է, որ մեր միասնականությունից վախեցան, մենք հաղթեցինք։

Նույն Հայաստանի քաղաքականությունը շարունակվում է հենց այնտեղ, երեկ էլ Ռուբեն Վարդանյանն ասաց, որ կան ընտանիքներ, որ դուրս են եկել Արցախից, գնացել են հանգստանալու, ապրանք են բերում ռուսների միջոցով ու թանկ վերավաճառում։ Բացի այն, որ ներքին թշնամանք է սերմանվում, այս հայտարարությանը նախորդող երկու օրերին թուրքական ամբողջ լրահոսը լցված էր նրանով, որ Արցախում այնքան էլ բլոկադային վիճակ չէ, բոլոր բեռները հասնում են տեղ, ու, փաստացի, Ռուբեն Վարդանյանը երկու օր հետո նույն բանն ասաց, ինչո՞ւ։

Եթե կան նման բաներ, ներքին կարգով պատժեք, բայց ասում եք՝ ռուսների միջոցով ապրանքները գալիս են, բիզնեսներ են արվում, այսինքն՝ փաստացի ասում ես, որ կա այդ ճանապարհը։ Նպատակը ո՞րն է, որ թուրք-ադրբեջանական օրակարգն առաջ տարվի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի օրինակով սեփական հեղինակությունն են փորձում բարձրացնել։ Սա հակապետական օրակարգ է։

– Իսկ միջանցքի մասով գերտերություններից որի՞ դիրքորոշումը կհաղթի, պարո՛ն Պետրոսյան։

– Ես կարծում եմ, որ սա դեռ երկար ջուր կքաշի, որովհետև Իրանը կտրականապես դեմ է դրան, ու Ռուսաստանը բավականին մեծ կախվածություն ունի Իրանից, բավականին մեծ կախվածություն գրեթե բոլոր առումներով։

Քանի դեռ էական փոփոխություններ չեն եղել, այս խնդիրը մնալու է առկախված, բայց ամբողջ խնդիրն այստեղ «Սյունիքի միջանցքն» է, այս ամենն Արցախի համար չի արվում, Արցախի խնդիրն ուղղակի արտահերթ կերպով փորձում են հանգուցալուծել Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, որպեսզի ունենան ինստիտուցիոնալ խաղաղություն։

– Այդ ընթացքում միջանցքը մնալու է փա՞կ։

– Ես կարծում եմ, որ մինչև այս ամսվա վերջ հաստատ փակ կմնա, որովհետև կարծեք թե բոլորն էլ այս ամենի հետ նորմալ են։ Կամ կբացվի այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ դրանից հետո 10-30 հազար մարդ լքելու է Արցախը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am