Քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ներդրման վերաբերյալ հարցեր

Քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ներդրման վերաբերյալ հարցեր
Քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ներդրման վերաբերյալ հարցեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի հրավիրված փորձագետներ  Վալց Կալնինշը և Ռուսլան Ռյաբոշապկան։

Աշխատանքային քննարկման ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրել են հակակոռուպցիոն մարմինների ձևավորման հիմնական սկզբունքները և խնդիրները, հիմնական ինստիտուցիոնալ մոդելների ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը, հնարավոր ռիսկերն ու տարբեր մարմիններ ունեցող մի շարք երկրների փորձը։

Միջազգային փորձագետների հավաստմամբ՝ տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը և հաջողության պատմությունները պայմանավորված չեն ինստիտուցիոնալ մոդելի (ունիվերսալ/բազմաֆունկցիոնալ կամ տարանջատված/ապակենտրոնացված) ընտրությունից, այլ կախված են քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական մի շարք գործոններից։ Փորձագետների խոսքով՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրություն կատարելիս ցանկալի է խուսափել ավելորդ ռիսկերից և անհրաժեշտ է հաշվի առնել արդեն իսկ առկա հիմքերն ու փորձառությունը։ Արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտ պայման է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը, առաջնորդությունը, մասնագիտացումը, բավարար ֆինանսավորումը, թափանցիկությունը, վերահսկողությունը և այլն։

Թեմայի համատեքստում, միջազգային փորձագետները նաև նշել են, որ ունիվերսալ և տարանջատված մոդելների ուժեղ և թույլ կողմերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ առաջինի ընտրության պարագայում արդյունավետությանն առնչվող ռիսկերն առավել են, իսկ մյուս կողմից, լիարժեք ունիվերսալ մոդելներ հազվադեպ են հանդիպում․ երբեմն ունիվերսալ համարվող հակակոռուպցիոն մարմիններից որոշ գործառույթներ առանձնացվում են և իրականացվում այլ կառույցների կողմից։ ՏՀԶԿ փորձագետները հայ գործընկերներին տեղեկացրել են նաև, որ ժողովրդավարական  կառավարում ունեցող եվրոպական երկրներում առավել տարածված է տարանջատված մոդելի կիրառությունը։

Հիշեցնենք, որ ՏՀԶԿ փորձագետները Հայաստան են ժամանել ԹԻՀԿ հրավերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Այս մասին տեղեկացնում է կազմակերպության հրապարակած հաղորդագրությունը։