Կիևում մարդիկ պատսպարվել են մետրոյի կայարաններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինան «ապառազմականացնելու հատուկ գործողությունը» հայտարարությունը կյանքի է կոչվել. այսօր վաղ առավոտից հաղորդվում է Կիևում և Ուկրաինայի շատ քաղաքներում պայթյունների մասին:

Թեպետ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, սակայն ռուսական տելեգրամյան որոշ ալիքներ տարածում են տեսանյութ Խարկովում բնակելի շենքի վրա հարձակման հետևանքների մասին։

«Գերճշգրիտ սպառազինության միջոցներով շարքից դուրս են բերվում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան, ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը», հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն։

Կիևում վաղ առավոտյան հնչել են հակահրթիռային ազդանշաններ և հրթիռային հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար քաղաքացիները էվակուցվել են մետրոյի կայարաններ: Որոշ ռուսական աղբյուրներ հաղորդում են, որ ռուսական զորքը մտել է Խարկով:

Վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: