Դատարանը թույլ տվեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը այսօր դատարանում միջնորդել է թույլ տալ իր պաշտպանյալին ապրիլի 23-29-ը բացակայել երկրից։

Նա տեղեկացրել է, որ ապրիլի 25-28 Ստրասբուրգում կայանալու են ԵԽԽՎ լիագումար նիստերը, որին Արմեն Գևորգյանը պետք է մասնակցի։ Պաշտպանը դատարանին է ներկայացրել նաև ԱԺ-ի համապատասխան փաստաթղթերը։

Բացի այդ, Սահակյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել պաշտպանել Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ այս պահին անձեռնմխելիության հարց չի քննարկվում, և ԵԽԽՎ նախագահի նամակը որևէ առնչություն չունի ներկայացված միջնորդության հետ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միացել է միջնորդությանը, նշելով, որ միջազգային խորհրդարանական մարմինների աշխատանանքերին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։

«Ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չտալը ևս մեկ անգամ կվերահաստատի իմ այն պնդումը, որ տեղաշարժի ազատության սահմանափակումն այլ նպատակներ ունի», – ասել է Օրբելյանը։

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատել է, որ ԵԽԽՎ նիստին կարելի է մասնակցել նաև հիբրիդային եղանակով, ինչին պաշտպան Սահակյանն արձագանքել է, որ հիբրիդային եղանակով Արմեն Գևորգյանը չի կարող հանդիպել որևէ պատվիրակի հետ։ Հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր: Արդյունքում դատարանը թույլ է տվել ընդդիմադիր պատգամավորին մեկնել Ստրասբուրգ։