ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը․ FIP.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է իր գրառումը, որով Նախիջևանի և Երևանի խանությունների տարածքը նշվում էր որպես Արևելյան Հայաստանի մաս։

Փետրվարի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռուսական Կայսրության և Պարսկաստանի միջև 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքման օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում էր արել, որում, մասնավորապես, պարսկական տիրապետության տակ գտնվող Երևանի և Նախիջևանի խանությունները ներկայացվում էին որպես Արևելյան Հայաստան։

«Ռուսական կայսրության տիրապետության տակ անցան Երևանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Պարսկաստանը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցումն այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրության կազմում»,- նշված էր ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։

Այս գրառումն առաջացրեց սոցմեդիայի ադրբեջանցի օգտատերերի զայրույթը, որոնք «գրոհել էին» գրառման մեկնաբանությունների տիրույթը։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջեց ՌԴ ԱԳՆ-ից հեռացնել ֆեյսբուքյան գրառումից «Արևելյան Հայաստան» եզրույթը։

«Անհրաժեշտ ենք համարում վերացնել թույլ տրված խեղաթյուրումը և ակնկալում նշված ոչ հավաստի տեղեկատվության ուղղումը Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցմեդիայի պաշտոնական Էջում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց գրառման խմբագրման պատմությունը և նկատեց, որ ՌԴ ԱԳՆ-ն դրանից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը՝ փաստացի, կատարելով Բաքվի պահանջը։ 

Հատկանշական է, որ հրապարակումն արվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի օրը, որի ընթացքում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Դրանով կողմերը, ի թիվս այլի, պարտավորվում են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Մասնավորապես, պայմանագրի 11-րդ կետով սահմանվում է, որ կողմերը «վճռականորեն կասեցնում են իրենց տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որն ուղղված է կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։ 

1828-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցավ Արևելյան Հայաստանի մեծ մասը, ներառյալ՝ մինչ այդ Պարսկաստանին ենթակա Նախիջևանի և Երևանի խանությունները։ Մինչ այդ, 1813-ի Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիրապետության տակ էին անցել Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Արցախը, ներկայիս Սյունիքի մարզի զգալի մասը, ներկայիս Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերը՝ մասամբ։  

Փաստերի ստուգման հարթակ